Բաժիններ՝

Ռոուհանին կոչ է արել Մակրոնին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եւ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 27-ին անցկացրել են հեռախոսային բանակցություններ, որոնց ընթացքում իրանական կողմը կոչ է արել Փարիզին ավելի ակտիվորեն գործել միջուկային գործարքը պահպանելու համար: Այդ մասին հաղորդվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում: «Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ուստի, հաշվի առնելով համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, Թեհրանն ակնկալում է, որ մնացած մասնակիցները կակտիվացնեն միջուկային գործարքի պահպանմանն ուղղված իրենց գործունեությունը»,- ասել է Ռոուհանին: Իր հերթին Մակրոնը նշել է, որ «Ֆրանսիան հնարավոր ամեն ինչ անում է ԳՀՀԾ-ն պաշտպանելու համար»: «Մենք ինտենսիվորեն աշխատում ենք միջուկայն գործարքը պահպանելու համար եւ այդ նպատակով քննարկում ենք առեւտրային ու ֆինանսական տարբեր մեխանիզնմերի ստեղծումը»,- հավելել է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:

Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Եվրամիությունն օգոստոսի 7-ին կիրարկել է արգելափակման եվրոպական կանոնակարգը, որն իր տարածքում անվավեր է հայտարարում ԱՄՆ-ի արտերկրյա պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, Եվրոպայի ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է արտասահմանյան դատարանների բոլոր այն վճիռների կատարումը, որոնք ընդունվել են այդ պատժամիջոցների հիման վրա:

Արգելափակող կարգավիճակի ուժի մեջ մտնելու հետո այն Եվրոպայի բոլոր կազմակերպություններին թույլ կտա դատական կարգով փոխհատուցել պատժամիջոցների կատարումից վնասն այն անձանցից, որոնց մեղքով դա տեղի է ունեցել: Այն նաեւ իրավաբանորեն անէական (անվավեր) է հայտարարում ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների օգտին արտասահմանյան դատարանների վճիռները: Ինչպես ավելի ուշ պարզաբանել են Եվրահանձնաժողովի փորձագետները, կանոնակարգը նաեւ ենթադրում է փոխհատուցումների ստացում Եվրոպայի այն ընկերությունների կողմից, որոնք կարող են վնասներ կրել ԱՄՆ-ի գործողությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս