
Լիլիթ Մակունցն Օպերային թատրոնում արմատական փոփոխությունների կարիք է տեսնում

ՀՀ մշակույթի նախարարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում արմատական փոփոխությունների կարիք է տեսնում:
Այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը:
Նախարարը նշեց, որ առաջիկայում կներկայացվեն այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են այս մշակույթի օջախի «առողջացման» համար:
«Օպերայի հետ կապված… բավականաչափ խնդիրներ են ներկայացվել աշխատողների, երաժիշտների, երգիչների կողմից: Այդ բոլոր խնդիրների հետ կապված՝ Կոնստանտին Օրբելյանի հետ զրույցներ, քննարկումներ ենք ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները պետք է հասցեագրվեն: Բողոքները և՛ գրավոր, և՛ բանավոր ձևով են ներկայացվել:
Օրբելյանի՝ արձակուրդից վերադառնալուց հետո, մենք կանդրադառնանք դրանց, որպեսզի տեսնենք, թե ինչ քայլեր են ձեռնարկվել խնդիրների լուծման համար»,- ընդգծեց Մակունցը:
Նա հավելեց, որ Կ. Օրբելյանի հետ քննարկել են նաև դիրիժորի հաստիքի կարևորության, ինչպես նաև տնօրենի և գեղարվեստական ղեկավարի հաստիքներն առանձնացնելուն վերաբերող հարցերը: