«ՀՀ-ի լավ օրինակը կարելի է ցույց տալ, որ երբեմն կարելի է նման բանի դիմել». Անգելա Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին՝ ըստ իրենց կողմից ընդունված բանաձևի:
«Դա ինձ համար իրավաբանական խնդիր չէ»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ն արտաքին քաղաքականություն որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով. «Մենք ասել էինք, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու: Մենք մտադիր ենք և իրականացնում ենք մեր հարաբերությունների զարգացումը ՌԴ-ի հետ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, նաև ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ: Քննարկման ընթացքում արձանագրվեց, որ մեր արտաքին քաղաքականության այս մոտեցումը լիարժեք ընկալելի է Գերմանիայի կողմից, և այստեղ հակակշռելու ու հակադրելու անհրաժեշտություն չենք տեսնում»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵՄ-ԵԱՏՄ բանակցություններ լինեն, Ա.Մերկելը պատասխանեց, որ Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ, նաև լավ համագործակցել ԵՄ-ի հետ. «Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն, ԵԱՏՄ-ն ազատ առևտրային գոտի է գործնականում, այդտեղ, իհարկե, կան շատ այլ տնտեսական հնարավորություններ, որոնցից կարելի է օգտվել: Ամենամերձակա ապագայում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև բանակցություններ դժվար թե տեղի ունենան, բայց կարծում եմ՝ ՀՀ-ի լավ օրինակը կարելի է ցույց տալ, որ երբեմն կարելի է նման բանի դիմել»:
Ն.Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն առանձնակի տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց ՀՀ-ն նաև ԵՄ-ի հետ ունի առևտրի հատուկ ռեժիմ՝ GSP+, որը հնարավորություն է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալը. «Մենք խնդիր ունենք ոչ միայն ծավալի, այլև որակական իմաստով փոփոխություններ մտցնել»: