«Ես իմ ամենամեծ քննադատն եմ, լրացուցիչ քննադատության կարիք չունեմ». Հենրիխ Մխիթարյան
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ չնայած երկու պարտություններին:
«Ես իմ ամենամեծ քննադատն եմ, դրա համար լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Շատ լավ գիտեմ, թե ինչ եմ տալիս թիմին և ինչ եմ ստանում թիմից:
Մենք նոր գլխավոր մարզիչ ունենք: Մենք աշխատում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանը և պահանջներին: Մրցաշրջանի մեկնարկը մեզ համար հեշտ չստացվեց, քանի որ մենք հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» նման թիմերի հետ: Սակայն ԱՊԼ-ում չկան հեշտ մրցակիցներ: Սա ֆուտբոլ է: Մենք պետք է պահպանենք դրական տրամադրությունը և շարունակենք աշխատել, այդ ժամանակ արդյունքներ կլինեն:
Մենք չենք զգում ճնշում և չենք մտածում այդ մասին, որ ինչ-որ բան այնպես չի գնում: «Արսենալը» ճիշտ ուղղությամբ է գնում՝ չնայած երկու պարտություններին: Չգիտեմ, թե ինչու, բայց մարդիկ հաճախ են սիրում քննադատել: Ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ինքս գիտեմ, թե երբ եմ լավ խաղացել, իսկ երբ՝ վատ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը