«Միայն փողով խնդիրներ լուծելն անհնարին է». Արամ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը համոզմունք է հայտնել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել, եւ հիմա քննարկում են կալանավորման հարցը, այնքան էլ չի ցանկանում քաղաքականություն վերադառնալ:
«Իմ խորին համոզմամբ` Քոչարյանը ջանք ու եռանդ չի խնայում հիմա ուղղակի չդատվելու համար: Բայց կարծում եմ` ինքն այդ իմաստնությունն ու խելքն ունի, գիտի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չունի:
Ես չեմ կարծում` ինքն իրականությունից այնքան կտրված է, որ մտածում է` Հայաստանում կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կարող են Քոչարյանի նման բեռն իրենց վրա տանել: Միայն փողով այսօր քաղաքական դաշտում խնդիրներ լուծելն անհնարին է դառնալու»,- ասել է նա: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործին, որի շրջանակներում ինքը 2008թ հարցաքննվել է, Սարգսյանը պատմեց, որ 12 էջանոց ցուցմունք է տվել: Սակայն նա չի ասել, թե ի՞նչ ցուցմունքներ է տվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: