Բաժիններ՝

Ահա թե ինչ է պետք երեխաների սովորեցնել

Մեր երեխաները մեր ունեցած ամենաթանկ բանն են։ Մենք պարզապես չենք կարող պատկերացնել, որ նրանց հետ վատ բան կարող է պատահել։ Այդ պատճառով էլ հաճախ անտեսում ենք նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների համար կարևոր շատ կանոններ։

Անվտանգության կանոններ երեխաների համար

Սովորեցրու երեխային զանգել հորը կամ մորը, երբ դուրս է եկել փողոց, դպրոցից տուն է վերադարձել կամ մեկ այլ տեղ է գնացել։ Դրան երեխային պետք է սովորեցնել նախ և առաջ ծնողների օրինակով։ Երեխան շարունակ պետք է տեսնի, որ ծնողները միմյանց տեղյակ են պահում իրենց գտնվելու վայրի մասին, ու, թե երբ տանը կլինեն։

Պետք է երեխայի ուշադրությունը բևեռել դրա վրա, նրան ցույց տալ, որ ծնողներն անհանգստանում են իրար համար։ Երեխային պետք չէ ստիպել զանգել, այլապես նա կարող է մտածել, որ իրեն փոքր տարիքից վերահսկում են, սահմանափակում ու չեն վստահում։

Կարդացեք նաև

Նախքան բազմամարդ միջոցառման, ասենք, համերգ գնալը, անպայման երեխային լուսանկարեք ողջ հասակով մեկ։

Երեխային կորցրած ծնողները երբեմն խուճապի մեջ չեն կարող նորմալ բացատրել, թե ինչ է հագել երեխան։ Ավելի հեշտ կլինի երեխային գտնել՝ լուսանկարը ցույց տալով։

Եթե առաջիկա 2-3 ժամերի ընթացքում երեխան չգտնվի, ապա հենց վերջին լուսանկարը կլինի ամենաթարմը, որով կաշխատեն իրավապահ մարմինները։

Ծնողները պետք է միշտ իմանան, թե որքան ժամանակ է երեխան ծախսում տնից դպրոց, որևէ խմբակի պարապմունքների կամ կրկնուսույցի տուն գնալու ճանապարհին։ Եթե, ենթադրենք, այն 30 րոպե է տևում, բայց արդեն մեկ ժամ է՝ երեխան չկա, պետք է անհանգստանալ։

Պետք է զանգել ու գրել բացառապես բոլորին, ում հետ երեխան տեսականորեն կարող է կապ ունենալ։ Պետք չէ մտածել, որ անհարմար է, ավելի անհարմար կլինի, եթե երեխան չգտնվի։

Եթե վստահ ես, որ երեխան կորել է, անհապաղ դիմիր ոստիկանություն։

Երեխային սովորեցրու մերժել, անծանոթների հետ չխոսել ու նրանց չլսել։ Մենք հաճախ ենք երեխաներին սովորեցնում լսել մայրիկին, հայրիկին, տատիկին, դայակին, դաստիարակչուհուն, չվիճել այդ մարդկանց հետ, զուսպ ու համեստ լինել։ Արդյունքում՝ մենք ստանում ենք անծանոթ մեծերի հետ գնացող երեխաներ։

Նախ երեխային բացատրիր, թե ովքեր են այդ անծանոթ մեծերը, որ միշտ չէ, որ արտաքինից նա սարսափելի տղամարդ է, այլ կարող է լինել նաև շատ գեղեցիկ աղջիկ։ Հետո երեխային հասցրու այն միտքը, որ նորմալ, ադեկվատ մեծերը երեխաներին օգնության խնդրանքով չեն դիմում, չեն խնդրում ոչինչ տանել, և նման այլ բաներ։

Անգամ, եթե երեխան հանդիպել է ձեր ընկերոջը կամ ծանոթին, ով նրան առաջարկել է տուն տանել, նա անպայման նախ ձեզ պիտի զանգի ու ասի այդ մասին, ապա դուք պետք է զանգեք տվյալ մարդուն ու համոզվեք, որ հենց նա է ձեր երեխայի հետ, ապա նոր ձեր երեխային թույլ տաք նստել վերջինիս մեքենան։

Երեխային սովորեցրու վստահել ինքն իրեն ու իր զգացողություններին։

Հաճախ երեխաներն իրենք իրենց համոզում են կամ էլ իսկապես այդպես են կարծում, որ անհարմար է մերժել, եթե անծանոթ մեկն օգնության խնդրանքով իրենց է դիմում, որ իր մասին վատը կմտածեն։ Երեխան պետք է հստակ իմանա, որ օտար մարդիկ չպետք է իրեն դիպչեն ու ինչ-որ բան խնդրեն։

Երեխային սովորեցրու գոռալ։

Շատ մեծեր և երեխաներ գոռալ չգիտեն, այնինչ երեխան հատկապես պետք է գոռալ իմանա, եթե դրա կարիքը լինի, ենթադրենք, օգնություն կանչելու համար։

Երեխային բացատրիր, որ նա երբեք չպիտի ամաչի օգնության խնդրանքով դիմել երեխայի հետ եղող մեծահասակին, ոստիկանին, պահպանություն իրականացնող անձին, թիկնապահին։ Եվ անպայման թող նա իմանա, որ եթե կորել է, պետք է մնա նույն տեղում ու ոչ մի քայլ հեռու չգնա։

Ոչ մի դեպքում երեխային մի արգելիր օգտվել սոցիալական ցանցերից։

Թույլ տուր, որ նա իր սեփական էջն ունենա, քանի որ այդպես քո աչքերի առջև կլինի ինֆորմացիան այն մասին, թե ինչով է նա հետաքրքրվում, ինչ երաժշտություն է լսում, ում հետ է ընկերություն անում։

Ամիսը մեկ անգամ նայիր նրա ընկերների ցանկը. Քեզ պետք է անհանգստացնի, եթե այնտեղ կան մեծեր, եթե դրանք ուսուցիչներ չեն։ Արգելքը երեխային կսադրի ստեղծել կեղծ էջ՝ կեղծ լուսանկարներով ու տարիքի մասին կեղծ տվյալներով։ Մտածիր, թե ինչով է դա հղի։

Երեխային սովորեցրու, որ թե համացանցում, թե իրական կյանքում նա ոչ ոքի ու ոչինչ պարտք չէ։

Եթե անծանոթ մարդիկ խնդրում են լուսանկար ուղարկել կամ ասել հեռախոսահամար, առաջին հարցը, որը երեխան ինքնաբերաբար պետք է տա իրեն, հետևյալն է՝ ինչո՞ւ։ Դու պետք է երեխային բացատրես, թե որ ինֆորմացիան է համարվում անձնական ու չպետք է փոխանցվի օտար մարդկանց։

Նորագույն տեխնոլոգիաների առաջացումն ու զարգացումը հանգեցրեց նոր սպառնալիքների ի հայտ գալուն։ Այժմ երեխայիդ պետք է պաշտպանես ոչ միայն իրական կյանքում, այլև համացանցում։

Պարզվում է, դա անելն այնքան էլ հեշտ չէ։ Պոռնոգրաֆիայից բացի այնտեղ կարելի է գտնել ինքնասպանությունների, թմրանյութերի մասին տեղեկատվություն, վտանգավոր խարդախների, այլ չարակամների։

Վիրտուալ աշխարհի ամենամեծ վտանգներից մեկն ինքնասպանությունների մասին խաղերն են։ Մահաբեր խաղը խաղալու համար հետաքրքրասեր անչափահասները ներգրավվում են որոշակի համացանցային ընկերակցությունների մեջ, ուր գտնում են համախոհների ու ուղղորդողների։

Որպեսզի անչափահասները չընկնեն այդպիսի խմբերի մեջ, ոստիկանները ծնողներին խորհուրդ են տալիս ստուգել երեխաների մաշկային ծածկույթը՝ դրա վրա վնասվածքների, կտրվածքների հայտնաբերման դեպքում բացահայտելով դրանց առաջացման հանգամանքները։ Մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև երեխաների ու նրանց շրջապատի հոգեբանական վիճակին։

Ծնողների համար երեխաների անվտանգության կանոններն իրենց մեջ պետք է ներառեն երեխաների ուսուցիչների, ընկերների, ընկերուհիների, համադասարանցիների, մարզական խմբակների հեռախոսահամարները։

Եթե ինչ-ինչ պատճառով երեխան դպրոցից ժամանակին չի վերադարձել, անպայման զանգեք դասղեկին։ Միգուցե դասացուցակն է փոխվել։ Նույն տրամաբանությամբ էլ զանգեք վերը նշված բոլոր անձանց։

Երեխային պատմիր, թե նա իրեն ինչպես պետք է պահի վտանգավոր իրավիճակում։

Երեխան պետք է իմանա ծնողների անուններն ու բնակության հասցեն, ինչպես նաև հեռախոսահամարները։ Ցանկալի է, որ երեխան իմանա, թե իրեն ինչպես պետք է պահի կոնկրետ իրավիճակում, եթե, ենթադրենք, կորել է խանութում, նստել է սխալ ավտոբուս կամ մոլորվել է անծանոթ վայրում։

Եթե երեխան կորել է ու, փառք Աստծո, հետո գտնվել, մի գոռա նրա վրա։ Հանգիստ բացատրիր նրան, որ անհանգստացել ես, և թե ինչու այն, ինչ պատահել է, վտանգավոր է եղել։

Այս բոլոր խորհուրդները շատ օգտակար են քո ընտանիքի համար ու անգամ կարող են փրկել երեխաներիդ կյանքը։

Բացատրիր երեխայիդ, որ պարտադիր չէ, որ ամեն անկյունից նրան վտանգ սպառնա, բայց այն կարող է պատահել։ Հակառակ դեպքում դու երեխայիդ կստիպես ավելորդ անգամ անհանգստանալ ու վախ զգալ իրեն շրջապատող աշխարհից։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս