«Այդ հարցով դիմեք դատարանին. Ես այդ գործով չեմ հրավիրվել դատարան». Վալերի Օսիպյան

«Ես ուղիղ առնչություն ունեմ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի հետ, գիտեք՝ պատանդավորված այնտեղ մնացել եմ 7-8 օր, այնուհետև հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես չեմ հրավիրվել դատարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործով դատական գործընթացներին, Օսիպյանն ասաց, ՀՀ-ում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, ինքը չի կարող գնահատականներ տալ. «Այդ հարցով դիմեք դատարանին։ Ես այդ գործով չեմ հրավիրվել դատարան, կաշկանդված չեմ և հրավիրվելու դեպքում կներկայացնեմ նախաքննության ժամանակ իմ ցուցմունքները»։

Ոստիկանապետը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ. «Թեպետ չեմ բացառում, որ մենք այստեղ ձեզ հետ հանդիպում ենք ունենում, և որևէ ոստիկան, ինձ անհասկանալի պայմաններում, փորձում է ինչ-որ բան անել։ Բայց վստահեցնում եմ ձեզ՝ մեկ կհաջովի, երկուս կհաջողվի, երրորդին ինքը կդատապարտվի, որովհետև Ոստիկանությունում չկա նման արատավոր երևույթ»։

Անդրադառնալով Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի խնդրին, նա ասաց, որ խնդրից տեղյակ է ՀՀ վարչապետը. «Ինքն է առաջինը շահագրգռված, որ ոստիկանների աշխատավարձը բարձրացնի։ Հուսով ենք՝ կունենանք տնտեսական աճ, որի դեպքում կբարձրանա Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձը»։

Տեսանյութեր

Լրահոս