«Վարչապետը կարող է ասել, որ ով դեմ է քաղաքապետի իրենց թեկնածուին, հակահեղափոխական է, դա իրեն ձեռք է տալիս». Արմեն Բադալյան
«Այս տարի նորմալ բերք է եղել, ավելի շատ է արտահանվել. ի՞նչ կապ ունի սա հեղափոխության հետ, որ ներկայացվեց՝ որպես հեղափոխության գործընթաց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ այս հարյուր օրվա ընթացքում լուրջ ներդրումներ Հայաստանում չեն եղել. «Չկա գոնե մեկ պայմանագիր, որ խոշոր ներդրումային ծրագիր է եղել։ Դա հստակ բացատրություն ունի՝ եթե գործարարի համար հստակ չէ, թե տնտեսության որ ճյուղերն են զարգանալու, և տնտեսությունում ինչ օրենքներ են աշխատելու, ապա մի սպասեք ներդրումներ, որովհետև գործարարի համար նշանակություն չունի, թե հանրահավաքում ինչ կխոսեն, ինչ չեն խոսի»։
Բադալյանի դիտարկմամբ՝ հանրահավաքի ժամանակ եղավ նաև ոչ կոռեկտ ուղերձ՝ դատական համակարգին.
«Երբ նշում են՝ դատավորները տեղը չե՞ն բերում, թե մայիսին ինչ է տեղի ունեցել, սա ինչպե՞ս կարող ենք հասկանալ։ Եթե մարդը մեղավոր է, դատավորը նայում է, օրինակ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածին, և ըստ այդմ էլ դատում է։ Հիմա ի՞նչ պետք է անի դատավորը, ասի՝ այս մարդը մեղավոր է Քրեական օրենսգրքի այսինչ հոդվածով, բայց հաշվի առնելով, որ մայիսին տեղի է ունեցել իշխանափոխություն, մենք նրան ուրիշ հոդվածով ենք դատում։ Սա նույնպես ցուցում է։ Գործադիր իշխանության ղեկավարն իրավունք չունի իշխանության մյուս մարմնի ներկայացուցիչներին սպառնալիքներ հնչեցնել։ Դա ուղղակի սպառնալիք էր, դատավորը չի կարող առաջնորդվել երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով, նա առաջնորդվում է օրենքներով։ Եթե դուրդ չի գալիս, ուրեմն բարի եղիր՝ դատական համակարգի բարեփոխումների կոնցեպտ ներկայացրու, ոչ թե ասա՝ տեղը չես բերում, թե մայիսին ինչ է տեղի ունեցել»։
Քաղտեխնոլոգը նկատեց. «Չտեսանք որևէ կուսակցության արձագանք՝ հրապարակի վերաբերյալ առաջարկությանը։ Արդյո՞ք անհրաժեշտ չէր դիմում ուղարկել Դատախազություն՝ պարզելու համար՝ վարչապետի այս հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման հայտարարություն չէ՞ր։ Վարչապետի ելույթի մեջ կար նաև ժողովրդահաճո հայտարարություն՝ թալանված բոլոր փողերը պետք է ետ բերվեն. ի՞նչ է նշանակում՝ թալանված փող։ Երբ ընդդիմության գործիչն է դա ասում, հասկանում ենք։ Իսկ անցումային արդարադատություն մտցնելու համար անհրաժեշտ է բավականին երկար գործընթաց, հակառակ դեպքում այս անցումային դատավարության ցանկացած որոշում ՍԴ-ն կարող է համարել Սահմանադրությանը չհամապատասխանող»։
Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխության վերաբերյալ հայտարարությանը, ապա նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեպքում ասում էին՝ այս Սահմանադրությունը փոխվում է նախագահի համար.
«Բոլորը մեղադրում էին երրորդ նախագահին, հիմա նույն կուսակցությունները լռում են, երբ վարչապետը Սահմանադրության մեջ կետ է ուզում փոխել, որն իր իշխանության երկարացմանն է ուղղված։ Ինչո՞ւ հիմա այդ կուսակցությունները տեսակետ չեն արտահայտում, տարօրինակ է նրանց լռելը, և իշխանությունն օգտվում է դրանից։ Իշխանությունը ստեղծել է մի համակարգ՝ հեղափոխություն-հակահեղափոխություն, բայց Հայաստանում չկան հակահեղափոխականներ, Հայաստանում կա վարչապետ՝ իր թիմակիցներով, և կա ընդդիմություն։ Վարչապետի թիմի հաղթանակի համար սև ու սպիտակ ներկայացնելը հեշտ է։ Վարչապետը կարող է ասել, որ ով դեմ է քաղաքապետի իրենց թեկնածուին, հակահեղափոխական է, դա իրեն ձեռք է տալիս»։