Հայաստան – ԵԱՏՄ առևտրի առանձնահատկությունները 2018թ. առաջին կիսամյակում
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան – ԵԱՏՄ առևտրաշրջանառության ծավալը 915.7 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։
2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ ԵԱՏՄ երկրների հետ մեր առևտուրն աճել է 20.4%-ով։ Նույն ժամանակահատվածում՝ ՀՀ ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.9%-ով։
ՀՀ- ԵԱՏՄ առևտրի ավելի դանդաղ աճի արդյունքում՝ ԵԱՏՄ-ի տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ նվազել է 1.9 տոկոսային կետով՝ 28.2%-ից հասնելով 26.3%-ի։
Հայաստան- ԵԱՏՄ առևտրի մոտ 97%-ը (885.8 մլն դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին։ ՀՀ – ՌԴ առևտուրն աճել է 19.9%-ով։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանին բաժին է ընկնում ՀՀ ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 1/4 մասը։
Բելառուսի հետ 2018 թվականի առաջին կիսամյակում արել ենք 23.7 մլն դոլարի առևտուր, Ղազախստանի հետ՝ 5.9 մլն դոլարի, Ղրղզստանի հետ՝ ընդամենը 403.5 հազար դոլարի։
Հայաստան- ԵԱՏՄ առևտրաշրջանառության հաշվեկշիռն առաջին կիսամյակում բացասական է. 335.1 մլն դոլարով ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանել (արտահանման ծավալն առաջին կիսամյակում 290.3 մլն դոլար է, ներմուծումը՝ 625.4 մլն դոլար)։
ԵԱՏՄ անդամ չորս երկրներից երկուսի՝ Ռուսաստանի և Բելառուսի գծով, ունենք բացասական հաշվեկշիռ, մյուս երկուսի՝ Ղազախստանի և Ղրղզստանի գծով՝ դրական։
Նշենք նաև, որ Ռուսաստանի հետ մեր առևտրի միտումը առաջին կիսամյակում եղել է հօգուտ մեզ՝ արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը։ Այսպես, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 27.5%-ով և կազմել 281.2 մլն դոլար։ Իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը (ըստ ապրանքի ծագման երկրի) աճել է 16.6%-ով և կազմել 604.6 մլն դոլար։