Բ26-ից դատավորին զանգելը քողարկված ճնշում է, հրապարակում դատավորներին ասելը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, բացահայտ. Գևորգ Գյոզալյան. Tert.am

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արդարադատության ոլորտին: Նա հայտնեց, որ առաջին իսկ օրից դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից հրաժարվել է, սակայն դա չի նշանակում, որ նախորդ իշխանությունից պետք է հրահանգներ լինեն. «Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»: Բացի այդ, Փաշինյանն ասաց, որ լուրջ քննարկում պետք է ունենան և որոշում կայացնեն, թե արդյոք պետք է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել:

Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցեց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ:

-Պարո՛ն Գյոզալյան, ի՞նչ է իրենից ենթադրում անցումային արդարադատությունը, և  արդյոք դա վտանգներ կամ ռիսկային չէ:

-Ես չգիտեմ՝ վարչապետն անցումային արդարադատություն ասելով նկատի ունի միայն «Մարտի 1-ի» գործը, թե առհասարակ անցումային արդարադատություն, որը նշանակում է ամբողջ դատական համակարգի «լուծարում» և նորի կառուցում:

Առաջինի դեպքում անցումային արդարադատություն կլինի, արդարադատության հանձնաժողով կլինի, թե ինչ-որ մարմիններ կհավաքվեն, և ինչ-որ կոնկրետ գործի հետ կապված քննություն կիրականացնեն: Իսկ երկրորդը չեմ պատկերացնում, այսինքն՝ ամբողջ դատական համակարգն ինչպե՞ս կարելի է լուծարել և նորը ստեղծել: Եվ ես այս առումով նաև վտանգ եմ տեսնում, որովհետև ես իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում քննադատաբար վերաբերվելով մեր դատական համակարգին՝ փաստում եմ, որ  մեր դատական համակարգը բավականին մեծ ձեռքբերումներ էլ ունի, և չի կարելի  դատական ողջ համակարգին նայել «Մարտի 1-ի» գործի պրիզմայով: Դատական  համակարգը նաև մասնավոր հարաբերություններն են քաղաքացիական, իրավական, վարչական հարաբերություններն են և այլն, այսինքն՝ այս ամենը վերցնելն ու զրոյացնելն անդառնալի կորուստ է լինելու և ամենամեծ սխալը կլինի, դա չպետք է թույլ տալ:  Առաջին մասով  ես հասկանում եմ,   ինչ-որ մի տեղ հասկանալի է, իսկ եթե դա պետք է վերաբերվի ամբողջ դատական համակարգին, ես կարծում եմ, սա մեծագույն սխալ կլինի:

-Պարո՛ն Գյոզալյան, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Բաղրամյան 26-ից դատավորներին չեն զանգելու, ասել է նաև, որ չեն էլ զանգում, ճնշումներ չեն լինելու դատավորների նկատմամբ: Բայց, ի՞նչ է նշանակում հազարավոր քաղաքացիների մոտ՝ հրապարակում, դատավորներին ասելը՝ խելքներդ գլուխներդ հավաքեք,և ի՞նչ է նշանակում Բաղրամյան 26-ից զանգը… Ընդ որում, ակնարկը, կարծեք թե, նաև Ալեքսանդր Ազարյանին էլ ուղղված էր, ով Վերաքննիչ քրեական դատարանում անձեռնմխելի ճանաչեց Քոչարյանին:

-Ըստ էության, երկուսն էլ ճնշում են, մեկը քողարկված ճնշում է, մյուսը՝ բացահայտ, հրապարակային: Երկուսն էլ  ճնշում է, և այլ կարծիք չի կարող լինել: Եթե մենք ուղերձ ենք  հղում դատական համակարգին, ապա նաև գործով պետք է կարողանանք ցույց տալ, որ մենք դատական համակարգն առողջացնում ենք: Ես ինքս քննադատաբար վերաբերվելով այդ ամենին, ինքս համակրելով Փաշինյանին, որպես իրավաբան՝ ինձ մոտ բավական հարցեր կան կոնկրետ այդ գործի՝ Քոչարյանի հետ կապված: Ընդ որում, իմ վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ բավական բացասական է, բայց ամեն դեպքում այս գործի հետ կապված հարցեր կան: Եվ որպես իրավաբան՝ չեմ  համոզվել նրանում, թե արդյոք Քոչարյանին մեղսագրվող արարքները  օրենքին կամ իրավունքին համապատասխանում են: Ամեն դեպքում, ես խնդիրը չեմ նայում միայն Քոչարյանի մասով, այլ պետք է նայել, թե այս կերպ ինչ դատական համակարգ կարող ենք ունենալ 50-100 տարի հետո:

Այսօրվա մեր սխալը մեզ 30 տարի նորից հետ է գցելու: Նայենք անցած փորձին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության սկզբից: Հոյակապ սկսեցինք պետականաշինությունը, սկզբից սյուները հստակ դրեցինք, գնում էինք առաջ: Արեցինք մի փոքր սխալ, և տեսեք՝ ինչ եղավ, 20-30 տարի է անցել, բայց մենք խելքի չենք գալիս, որովհետև  փոքր սխալ թույլ տվեցինք այն ժամանակ: Դրա համար, եթե որոշում ենք, որ արդարադատությունը պետք է լինի անկախ, ապա գործադիրի կողմից  չի կարող որևէ ճնշում լինել դատական համակարգի նկատմամբ:
Եթե չենք վստահում, ի սկզբանե ասում ենք՝ չենք վստահում և  այդ 100 օրվա ընթացքում լուծումներ ենք առաջարկում: Բայց եթե ի սկզբանե մենք ուղերձ ենք հղում դատավորներին, ասում ենք՝ դուք անկախ եք,  գործեք անկախ, և հետո մեզ հաճո  որոշում չի կայացնում դատական համակարգը, իսկ մենք սկսում ենք սպառնալ կամ հրապարակավ ճնշում գործադրել, ապա սա արժեզրկում է անկախ լինելու մասին ուղերձը: Այսինքն` անկախ պետք է լինեն այնքանով, որքանով պետք է դո՞ւր գալ հասարակությանը:

-Օրինակ՝ դատախազության կողմից ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 45  պատգամավորների միջնորդությունը մերժելուց հետո Վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե մերժեց վերաքննիչ բողոքը, ինչպես կարող էր լինել և սպասվում էր, այլ լրիվ այլ որոշում կայացրեց անձեռնմխելի ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ շեշտադրումներ եղան, որ բնական է, որ դատախազությունը մերժել է, ինքը՝ մեղադրանքի կողմն էլ, իսկ դատարանը կողմնակալ չէր, բայց դատավորի հասցեին ճնշումները մինչ այժմ չեն դադարում:

-Գիտեք, պարտադիր չէ, որ Վերաքննիչ  դատարանի որոշումը շատ օրինական լինի, միգուցե ,անօրինական որոշում է կայացրել, բայց եթե հիմա Վճռաբեկ  դատարանն անգամ փոխի Վերաքննիչի որոշումը, ինձ մոտ, որպես իրավաբանի, կասկած կլինի, որ Վճռաբեկ դատարանն այդ որոշումը կայացրել է այս ճնշման ազդեցության տակ: Եվ կրկին դատարանը չի վայելի այն հեղինակությունը, որը պետք է վայելի: Ես կարող եմ փաստել, որ դատական համակարգում որոշակի փոփոխություններ կան, ինչի մասին դատավորներն էլ են նշում: Այսօր ես զգում եմ, իմ ընկերներ դատավորներից ես տեղյակ եմ, որ ովքեր ուզում են անկաշկանդ գործել, անկաշկանդ գործում են:

Պետք չի այդ մթնոլորտը նորից քարուքանդ անել: Չեմ ուզում, որ իմ դատավոր ընկերները մտածեն, որ չէ, այն հայտնի անեկդոտի նման՝ տղերք, էս կատակ էր անում: Հիմա եթե մարդիկ մտածում են, որ  փաստորեն այդ ուղերձն էր՝ արդար լինել այնքանով, որքանով պետք է դուր գալ հասարակությանը, ապա նորից մենք «բռնաբարում» ենք անկախության գաղափարը:

Տեսանյութեր

Լրահոս