«Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված էր Հայաստանի պետականությանը: Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով «ԵՍ ու Ժողովուրդը» առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով: Հայաստանը տոտալ դեինստիտուցիոնալիզացիայի փուլում է. վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչություները և այլն:

Օրեր առաջ Հայաստանի նոր իշխանություններին անվանեցի թավշյա խունտա, ինչին հետևեց պետական քարոզչամեքենայի ինտենսիվ գործադրումը: Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը լավագույնս հաստատեց իմ տրված գնահատականը: Ճնշումների գործադրմամբ իշխանության եկած, ուժային կառույցների գործադրմամբ սեփական իշխանությունը ամրացնելու փորձեր անող, երկրում այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորող իշխանության ղեկավարը երեկ հարձակվեց իշխանության մյուս ճյուղերի՝ օրենսդիր և դատական մարմինների վրա:

Կարդացեք նաև

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Ակնհայտ էր դառնում, որ վարչապետը հետևողականորեն հետ է կանգնում Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումներից բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն: Այսինքն 100 օրվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման նոր բանաձևի փախողված փնտրտուքից հետո վարչապետը այնուհանդերձ գոնե ակներև վերադարձավ մեր իշխանության օրոք մշակված դիվանագիտական ձևակերպումներին:

Սակայն երեկվա հավաքին երկու տարակուսելի ու վտանգավոր էլեմենտ առաջացավ: Նախ, Նիկոլ Փաշինյանը փորձեց սենսացիոն ակնարկներ անել բանակցային գործընթացի պատմության մասին: Եվ քանի որ կիսատ-պռատ մոտեցումները ու պոպուլիզմը այս հարցում ճակատագրական կարող են լինել, ակնկալում ու պահանջում եմ, որ այդ ջինը դուրս գա շշից ամբողջությամբ, և Փաշինյանը հրապարակի ողջ բանակցային գործընթացի տեղեկատվությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած:

Երկրորդ խիստ վտանգավոր էլեմենտը, դա Արցախյան հիմնախնդրի հնարավոր կարգավորման բանաձևը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հրապարակում հաստատելու մասին խոստումն էր: Պարոն վարչապետ, հիշեք մեկընդմիշտ, որ կարգավորման ցանկացած բանաձև պետք է ստանա նախ Ղարաբաղի ժողովրդի հավանությունը:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

100 օրվա ընթացքում գործող իշխանությունները հետևողականորեն մսխում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կապիտալը: Քանիցս խոսվել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության մասին: Ընդամենը երեք դրվագ հիշեցնեմ. ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործընթացը, ՌԴ ԱԳ նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ԱԳ նախարարին չընդունելը Լավրովի կողմից:

Երեկ վարչապետը նաև ասաց, որ Բրյուսել կատարած իր այցը չի քննադատվել: Թարմացնեմ ՆԻկոլ Փաշինյանի հիշողությունը: ԵՄ ղեկավար մարմինների հետ իր հանդիպումներն այնքան անհաջող էին և անարդյունավետ, որ անգամ ինքը բարձրաձայն խոսեց այդ մասին հենց օդանավակայանում: Հիշեցնեմ նաև, որ Հայաստան-ԵՄ ուժի մեջ մտած համաձայնագրով առ այսօր ՈՉ ՄԻ գործողություն չի իրականացվել:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ նախագահի հետ հանդիպում կազմակերպելու լոբբիստական ջանքերը, իհարկե, տեղին են, բայց դրա մասին բացեիբաց բարձրաձայնելը մանկամտություն է: Եթե Թրամփ-Փաշինյան հադիպում ունենալու հույսը ԱՄՆ կոնգրեսականների ստորագրություններն են, բա որտե՞ղ մնաց այդ դեպքում իշխանափոխությունից հետո Հայաստանի հանդեպ իբր մեծացած ուշադրությունը և Նիկոլ Փաշինյանի ժպիտի մոգական ուժը՝ Թրամփերի զույգին Բրյուսելում բարևելուց:

Ամփոփելով վերհիշյալը, ընդունեմ, որ սխալվում էի, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասացի, որ մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ: Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային»:

Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել,…

Gepostet von Armen Ashotyan am Samstag, 18. August 2018

Տեսանյութեր

Լրահոս