Արսեն Թորոսյանն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտ 1 շաբաթ առաջ անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Ա.Թորոսյանը, ՔՊ-ի հետ ինքը եղել է հենց սկզբից, նաև Նիկոլ Փաշինյանի վստահված անձն է եղել:
«Հաշվի առնելով նոր իրողությունները՝ որոշեցի դառնալ կուսակցության անդամ, որ ավելի կուռ դարձնեմ մեր քաղաքական թիմը»,- ասաց նա՝ նկատելով, որ «թրի տակով անցնելու» խնդիր չկա:
Ըստ նրա՝ իր որոշումն անհատական է. «Ես ինձ միշտ համարել եմ այդ քաղաքական թիմի անդամ»:
Թե ո՞րն է ՔՊ-ի գաղափարախոսությունը, Ա.Թորոսյանը պատասխանեց, որ կա պայմանագիր, և անունն արդեն գաղափարախոսություն է ժողովրդի ու քաղաքական թիմի միջև: