«Այսօր ես կառավարությունում էլ չեմ տեսնում այն պրոֆեսիոնալների կազմը, որն ունակ է երկիրը ճիշտ ուղղությամբ տանել, դե, եկեք՝ բոլորին ցրենք». Գևորգ Գյոզալյան
Հարցազրույց փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ
– Պարոն Գյոզալյան, նախկինում շատ էր խոսվում դատական համակարգի անկախության մասին, հիմա հայտարարվում է, թե դատական համակարգն անկախ է, որևէ միջամտություն չի լինում, բայց տեսնում ենք, որ հանրության մոտ դեռևս վստահություն չկա դատական համակարգի նկատմամբ։ Այս խնդիրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում։
– Ժամանակը բավականին կարճ է, որ կարողանանք կատեգորիկ ինչ-որ հետևություններ անել, բայց իմ պրակտիկայում ինչքանով առնչվել եմ դատական համակարգի հետ, միանշանակորեն կարող եմ պնդել, որ որոշակի եղանակային փոփոխություններ կան դատական համակարգում։ Իսկ որպեսզի կատեգորիկ հետևություններ անեմ՝ ասեմ, որ դատարաններն անկախ են և անաչառ այնպես, ինչպես եվրոպական երկրներում, այսինքն՝ անկախ նրանից՝ դատարանի որոշումը մեր վստահորդի օգտին է, թե ի վնաս մեր վստահորդի, ունենում է բարձր հեղինակություն, ապա ես հեռու եմ այդ մտքից, և չեմ կարծում, թե մենք հասել ենք դրան։ Եվ վերջին դեպքերը՝ նույն Ազարյանի որոշումը՝ Քոչարյանի հետ կապված, ակնհայտ ցույց տվեց, որ հասարակության մեջ դատավորի որոշումը չի ընկալվում՝ որպես հեղինակավոր։ Այ, երբ դա կընկալվի՝ որպես հեղինակավոր, անկախ նրանից՝ ճիշտ է, թե ոչ, որովհետև դեպքեր կարող են լինել, որ վերադաս ատյանի կողմից դա բեկանվի, ապա այդ ժամանակ կարող ենք արձանագրել, որ հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձր է։
– Քանի որ խոսեցիք պարոն Ազարյանի որոշման վերաբերյալ հանրության արձագանքի մասին, չե՞ք կարծում, որ հանրության կարծիքի վրա ազդեց նաև ՀՔԾ-ի հայտարարությունը, երբ որոշումը որակվեց ապօրինի։
– ՀՔԾ-ն իրավունք ունի ասելու, որ որոշումն ապօրինի է, այսինքն՝ չի համապատասխանում օրենքին: Եթե չի համապատասխանում օրենքին, բնականաբար, բողոքարկվում է։ Եթե ես բողոքարկում եմ, բողոքում նշում եմ, որ գտնում եմ՝ դատարանի այսինչ որոշումն ապօրինի է, չի համապատասխանում օրենքին, և բողոքարկում եմ համապատասխան որոշումը։ Այստեղ շատ կենտրոնանալ և ասել՝ ՀՔԾ-ն խախտում թույլ տվեց, չեմ կարծում, որ այդպես է, բայց իհարկե, կարելի էր նաև հրապարակային այդպես չարտահայտվել, լինել ավելի զուսպ, բայց սա արդեն ճաշակի խնդիր է։
Հասարակության կարծիքի վրա դա ազդեցություն չի ունենում. դա նույնն է, որ ես բողոք գրեմ Վճռաբեկ դատարան և ասեմ՝ ես կարծում եմ՝ դատարանի որոշումն ապօրինի է, և սկսեմ պարզաբանել, թե ինչու։ Ուրեմն՝ ինչ, պետք է ասենք, որ դա արդարադատության նկատմամբ ճնշո՞ւմ է։ Իմ գրեթե բոլոր բողոքներում նման շեշտադրումներ կան։ Եվ եթե մենք նայում ենք, որ հավասարություն է գործում, ապա ինչպես պաշտպանական կողմը կարող է նման շեշտադրումներ անել իր բողոքում, նույնկերպ կարող է նաև մեղադրական կողմն անել։
– Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասում է, որ պետական մարմինն իրավունք չունի նման հայտարարություն անել, որակում տալ դատավորի կայացրած որոշմանը։ Դրա համար եմ հարցնում՝ այստեղ խնդիր կա՞։
– Անչափ հարգելով պարոն Ալումյանի ասածը, ես կարծում եմ, որ, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կլինի, և ՀՔԾ պետը նման հայտարարություն անի, այստեղ տեսնում եմ որոշակի խնդիր, որովհետև օրենքով հստակ ամրագրված է, որ օրենքով ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են հանրապետությունում բոլորի համար, և, այո՛, անշուշտ, պաշտոնատար անձն իրավունք չունի կասկածի տակ դնելու, որովհետև դա արդեն ուժի մեջ մտած, օրենքի ուժի հավասարեցված որոշում է։ Այդ պարագայում համաձայն եմ պարոն Ալումյանի հետ, որ չի կարելի նման որակումներ տալ։ Բայց տվյալ պարագայում խոսքը դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի մասին է, որը հնարավոր է՝ բեկանվի Վճռաբեկ դատարանի կողմից։ Եվ պետք չէ, որ նա հրապարակային ասի՝ սա ապօրինի է, որովհետև եթե բողոքարկում է, ուրեմն գտնում է, որ այդ որոշումն ապօրինի է։ «Ապօրինի» եզրույթը գուցե սխալ է ընտրված, շեշտադրումը սուր է, բայց եթե մեղադրական կողմը բողոքարկում է, արդեն իսկ գտնում է, որ այդ որոշումն ապօրինի է, հակառակ դեպքում չի բողոքարկի։
– Այս օրերին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ կարծես ճնշումներ եղան, վիրավորական արտահայտություններ էին հնչում սոցցանցերում, այս երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում։ Դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին նույնպես վիրավորական արտահայտությունները չեն դադարում, արդյոք սա միտում չունի՞ Վճռաբեկ դատարանի որոշման վրա ազդելու, թե՞ կապ չեք տեսնում։
– Կապ միանշանակ տեսնում եմ. նախ՝ փաստաբանների նկատմամբ գործադրվող ճնշմանը միանշանակորեն բացասական եմ վերաբերվում, սա անթույլատրելի է, չի կարելի, որ այսպես լինի։ Մյուս կողմից էլ՝ իմ փաստաբան ընկերները պետք է հասկանան, որ ստանձնելով այդ գործը, հնարավոր է նման արձագանք հասարակության կողմից։ Հասարակության այսպիսի արձագանքը թեև ինձ համար անընդունելի է, բայց հասկանալի է։ Երկրորդ, բնականաբար, փաստաբանի նկատմամբ ճնշումն արդարադատության նկատմամբ ճնշում է, և դա անթույլատրելի է։ Եթե ուզում ենք իրավական պետություն ունենալ, ապա մեզ պետք է հեռու պահենք սոցիալական ցանցերում այդ ագրեսիվ հարձակումներից, որը, չի բացառվում նաև, որ մի կենտրոնի կողմից է ուղղորդվում։ Եվ եթե մենք ուզում ենք, ի վերջո, հասկանալ՝ Քոչարյանը մեղավոր էր, թե ոչ, ապա պետք է զինվենք համբերությամբ և սպասենք արդար, պրոֆեսիոնալ ձևով այդ գործը քննելուն, որի ընթացքում միայն կարող է պարզվել՝ Քոչարյանը մեղավոր է, թե ոչ։
Ազարյանի նկատմամբ ճնշումները նույնպես նույն շարքից են, չեմ ուզում առանձնացնել նրա և պաշտպանների նկատմամբ ճնշումները, որովհետև երկուսն էլ արդարադատության նկատմամբ ճնշումներ են։ Եթե մենք ուղերձ ենք հղում դատարաններին, որ այսուհետ դուք անկախ եք, ենթարկվում եք միայն օրենքին, ապա սխալ է նման ճնշում գործադրել։ Այս ճնշումն Ազարյանի նկատմամբ չէ արդեն, այլ Վճռաբեկ դատարանի այն դատավորների նկատմամբ է, ովքեր քննելու են այս գործը։
Եթե Վճռաբեկ դատարանի դատավորները մի փոքր թույլ լինեն, միանշանակ տրվելու են հասարակական տրամադրություններին, իսկ այստեղ մենք չենք կարող խոսել արդարադատության մասին, այլ կլինի մինի լինչի դատաստան, ինչը միանշանակ սխալ է և անընդունելի։
– Ըստ որոշ կարծիքների՝ որպեսզի դատական համակարգը լիարժեք անկախ լինի, պետք է ամբողջությամբ ցրել և նոր կադրերով համալրել, հակառակ դեպքում շարունակելու են մնալ նախկին իշխանությունների կադրերը, որոնք որոշումներ կայացրել են ոչ թե առաջնորդվելով օրենքով, այլ երկրի ղեկավարի և նրա ապարատի հրահանգներով։ Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում դատական համակարգը ցրելը և նոր համակարգ կազմավորելը։
– Այստեղ երկար մտածել է պետք։ Այսօր ես կառավարությունում էլ չեմ տեսնում այն պրոֆեսիոնալների կազմը, որն ունակ է երկիրը ճիշտ ուղղությամբ տանել, դե, եկեք՝ բոլորին ցրենք, բայց ովքե՞ր են գալու։ Ես այստեղ ավելի հակված եմ Սահակաշվիլիի փորձին, երբ ատեստացիայի միջոցով փորձեն ներգրավել նոր կադրեր, իսկ այն հնացած կադրերը, որոնք կաշառքին հակված էինք, դուրս թողեց այդ համակարգից։ Այս 100 օրում համենայնդեպս դատական համակարգի հետ կապված որևէ բան չեմ տեսել, թե ինչ է անում դատական համակարգը։ Ուղղակի խոսքեր են, ես հոգնել եմ այդ խոսքերից, գործ եմ ուզում տեսնել, այսինքն՝ ինչ ենք ասել ու ինչ ենք անում, եթե չենք անում, ապա ով է պատասխանատվության ենթարկվելու, որ այս բանը չի արել։
Իսկ ինչ վերաբերում է բոլորին ցրելուն, ապա, ենթադրենք՝ ցրեցինք, բայց ո՞վ է գալու։ Ընդ որում՝ այսօր էլ դատական համակարգում կան հոյակապ դատավորներ, ազատամիտ դատավորներ, որ տեղի չեն տվել բոլոր տեսակի իշխանություններին և իրենց մտքով, խղճով արդարադատություն են իրականացրել։ Վատ դատավորներ էլ ունենք, բայց փուլային ձևերով աստիճանաբար պետք է հասնենք այդ համակարգն ամբողջովին առողջացնելուն։