Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը փորձում է լուծել առկա խնդիրները, մշակել ռազմավարություն». Նազենի Ղարիբյան

Մշակույթի բոլոր ոլորտներում առկա են բազում խնդիրներ, որոնք պետք է լուծել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այդ բոլոր խնդիրները մի քանի տեսակի են:

«Ես ամեն օր ընդունելություններ եմ ունենում ամենատարբեր հարցերի առնչությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած անձնական բնույթի, վերջացրած աշխատանքային անարդարության հարցերից, ինչպես նաև առկա են աշխատանքի տեղավորման հետ կապված դիմումներ: Ես փորձում եմ բոլոր դիմումներին հնարավորության կարգով ընդառաջել»,-նշում է Նազենի Ղարիբյանը: Նախարարի տեղակալը փաստում է՝ տարբեր ոլորտներում առկա են խնդիրներ տնօրեններ-գեղարվեստական ղեկավարներ փոխհարաբերություններում, ինչպես նաև շենքերի վերանորոգման, համերգացանկի հետ կապված տարատեսակ հարցեր և այլն:

Ըստ նախարարի տեղակալի՝ այս պահին առաջնահերթություն է վերամշակել ՊՈԱԿ-ների մասին օրենքը ստեղծագործական կազմակերպությունների համար: «Կարծում եմ, լավ կլինի, որ ՊՈԱԿ-ներն անցնեն կիսապետական կարգավիճակի, լինի պետական աջակցություն, բայց իրենք ավելի ինքնուրույն լինեն տարբեր հարցերում, այդ թվում՝ համագործակցության պայմանագրի կնքման և ֆինանսների բաշխման հարցերում: ՊՈԱԿ-ների դեպքում հաջորդ խնդիրը կառուցվածքային է: Ըստ ՊՈԱԿ-ի օրենքի՝ այստեղ գլխավորը տնօրենն է, տնօրենի նշանակումը կատարվում է մրցութային կարգով, իսկ տնօրենը նշանակում է գեղարվեստական ղեկավար, բայց տնօրենը վարչական պաշտոն է: Կարծում եմ, որ ստեղծագործական ՊՈԱԿ-ների դեպքում գեղարվեստական ղեկավարը պետք է տնօրենին նշանակի և ոչ թե հակառակը»,-ընդգծում է Նազենի Ղարիբյանը:

Կարդացեք նաև

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը փաստում է՝ այս պահին մշակույթի ոլորտում ամենաակտիվ քայլերը կատարվում են կինոյի ոլորտում: 2018 թվականի համար վերագործարկվել է թարմացված, բայց ժամանակավոր կանոնակարգ՝ կինոնկարների ֆինանսավորման համար, իսկ 2019-ից, ըստ Ղարիբյանի, պետք է վերափոխել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ամբողջ կառուցվածքը և նոր կանոնակարգ ստեղծել: Բացի այդ, Նազենի Ղարիբյանի խոսքով, զուգահեռ աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի մշակվի Կինոյի մասին օրենքը:

«Նախարարության ամենաառաջին գործառույթը պետք է լինի մշակութային քաղաքականության, մարտավարության, ռազմավարության մշակումը: Պետք է հստակ ճանապարհային քարտեզ ունենալ, հասկանալ՝ այս տարի ինչ ենք անում, մյուս տարի ինչ ենք անում»,-ընդգծում է Նազենի Ղարիբյանը:

Նախարարի տեղակալն առանձնահատուկ նշեց, որ նախարարության բյուջեն պետք է համաչափ բաշխվի բոլոր ոլորտների միջև: Նազենի Ղարիբյանը հավելեց նաև, որ նախարարությունն անցնում է մրցութային դրամաշնորհային համակարգի:

«Մեր կայքում հայտարարություններ կտեղադրվեն մրցույթների մասին, և այդպիսով տարբեր գործիչներ, կազմակերպություններ կկարողանան դիմել ֆինանսավորման համար: Ռոտացիոն սկզբունքով ձևավորված հանձնաժողովն էլ կուսումնասիրի ներկայացված հայտերը: Կլինեն հատուկ ձևավորված չափորոշիչներ»,-հավելեց նա՝ շեշտելով, որ 2019 թվականի ֆինանսավորման հետ կապված հայտարարությունները կդրվեն այս տարվա հոկտեմբերի վերջին:

Ռոզա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս