Բաժիններ՝

Հայաստանցիները Թուրքիայում մասնակցել են Ցեղասպանությունը դատապարտող միջոցառման

«Վերադարձ» հիմնադրամի և «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի ներկայացուցիչներն օգոստոսի 5-12-ը Արևմտյան Հայաստան կատարած հերթական ուխտագնացության շրջանակներում, ի թիվս հայապահպան, մշակութային մի շարք միջոցառումների, օգոստոսի 8-ին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում մասնակցեցին Թուրքիայի կառավարության կողմից իրականացված հերթական ցեղասպանության՝ այս անգամ Զինի կոտորածի անմեղ զոհերի հիշատակի ու ոգեկոչման միջոցառմանը:

1937 և 1938 թվականներին՝ Դերսիմի ապստամբությունից անմիջապես հետո, Թուրքիայի զինված ուժերը ամենադաժան կերպով ճնշելով ապստամբությունը, կազմակերպել են զանգվածային ջարդեր և էթնիկ մաքրում տեղական բնակչության շրջանում, որոնց զոհ են գնացել հիմնականում ալևի քրդեր և զազաներ, նաև կրոնափոխ և ձուլված հայեր: Արդյունքում, տարբեր տվյալներով, սպանվել է 13,606 մինչև 70,000 քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ ներկայիս Կիլիչկայա (նախկինում՝ Սուր Վահան) գյուղից շուրջ 100 մարդ: Գյուղի բնակիչները պատմում են, թե ինչպես են թուրք ժանդարմները մարդկանց շղթայակապ բարձրացրել Զինի լեռը և այնտեղ գնդակահարել՝ դիակները թողնելով անթաղ՝ թռչունների կեր: Այնուհետև այրել են գյուղը և մարդկանց աքսորել: Ամեն տարի օգոստոսի 7-ին ալևիները բարձրանում են Զինի լեռ, մոմ վառում, իսկ հաջորդ օրը հավաքվում գյուղում և հարգանքի տուրք մատուցում անմեղ զոհերի հիշատակին:

Զինի կոտորածի 80-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը նախորդ տարիներից տարբերվում էր նրանով, որ առաջին անգամ ալևիներից բացի մասնակցում էին նաև հայեր՝ ժամանած Հայաստանի Հանրապետությունից: Հայերի պատվիրակությունը գլխավորում էր Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նախագահ, «Վերադարձ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանը։ Պատվիրակության կազմում էին հնագետ-արվեստաբան Հակոբ Սիմոնյանը, ռեժիսոր-դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, «Ֆիդայիներ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի համույթը, «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք:

Ինչպես նշեց հայկական պատվիրակության ղեկավար Արագած Ախոյանը, Զինի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու գաղափարը ծնվել էր դեռ մի քանի ամիս առաջ` 2018թ. մարտին, երբ Ֆրանսիայի ալևիների միության խորհդի նախագահ, Եվրոպայի ալևիների կոնֆեդերացիայի փոխնախագահ էռդալ Կիլիչկայայի ջանքերով Հայաստանում էին Եվրոպայում բնակվող ալևիների կառույցների ներկայացուցիչները: Հենց այդ ժամանակ կողմերը պայմանավորվեցին այսուհետ միասին լինել երկու ազգերի դեմ կատարված ցեղասպանությունների հետևանքների վերացման պայքարում և հասկացան, որ բավականաչափ չեն ճանաչում միմյանց, թեև դարեր շարունակ ապրել են կողք կողքի և միևնույն ճակատագրով:

Հիրավի, ոչինչ այնպես չի մոտեցնում մարդկանց, ինչպես նույն ցավը: Թուրքական ոճրագործությունների և կոտորածների ցավը մշտապես «ճաշակած» հայ և ալևի ժողովուրդների ներկայացուցիչներին Թուրքիայի Կիլիչկայա գյուղում միավորել էր կորստի նույն ցավը կիսելու, այդ ցավը միասին հաղթահարելու ու ձեռք-ձեռքի պայաքարելու վճռականությունը: Ահա հենց այս առաքելությամբ է, որ «Վերադարձ» հիմնադրամը՝ հավատարիմ գարնանը ալևիներին տված իր խոստմանը, մասնակցեց Զինի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որին տեղաբնակներից և հայերի պատվիրակությունից բացի ներկա էին նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչ Զեյնել Օզենը, Ֆրանսիայի ալևիների միության նախագահ էռդալ Կիլիչկայան, Եվրոպայի ալևիական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, ովքեր միասին հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:

«Մեր պատմությունը ևս լի է կոտորածներով»,- ողջունելով Հայաստանից Կիլիչկայա եկած բախտակից եղբայրներին ու քույրերին՝ ասաց Ֆրանսիայի ալևիների միության նախագահ էռդալ Կիլիչկայան:

«Հայոց ցեղասպանության օրերին շատ ալևիներ փրկել են հայերին՝ թաքցնելով և ապաստան տալով իրենց տներում, բայց, ցավոք, երբ ալևիներիս էին կոտորում, մեր հայ եղբայրները չկարողացան օգնության ձեռք մեկնել մեզ»,- նշեց նա և հավելեց, որ այսուհետ հայ և ալևի ազգերը պետք է միասին լինեն արդարությունը վերականգնելու և ցեղասպանությունների հետևանքները վերացնելու պայքարում:

էռդալ Կիլիչկայան և Զեյնել Օզենը շնորհակալություն հայտնեցին հայկական պատվիրակությանը՝ Թուրքիա գալու և իրենց ցավը կիսելու համար: Ի պատասխան՝ հայկական պատվիրակության ղեկավարն ասաց, որ դա իրենց պարտքն էր.

«Սիրելի՛ բարեկամներ, մենք պետք է այստեղ ծնված լինեինք, բայց ծնվել ենք այնտեղ՝ մեր մյուս հայրենիքում: Մենք խորապես հասկանում և կիսում ենք ձեր ցավը, միասին ենք ձեզ հետ պայքարում: Ինչպես ասում են՝ մենք նախաճաշն էինք, դուք՝ ճաշը: Մենք շատ լավ գիտենք պատմությունը, գիտենք, որ Ցեղասպանության օրերին ձեր շնորհիվ շատ հայեր են փրկվել, և մեր այցով մենք ոչ միայն մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք արտահայտում, այլև փորձում հիմք դնել նոր գործելակերպի, կառուցել համագործակցության կամուրջներ թուրքական վարչակազմի քաղաքականությունից ու թուրքական ազգայնամոլությունից տուժած ժողովուրդների միջև և միասին գտնել լուծումներ՝ դատապարտելով և կանխելով հետագա ցեղասպանությունները»,- նշեց Արագած Ախոյանը:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Զեյնել Օզենը նշեց, որ ինքը և իրենց կուսակցությունը հանդես են գալիս Թուրքիայում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների անունից, փորձում իրենց հնարավորությունների սահմաններում պաշտպանել ազգային փոքրամասնությունների շահերը, սակայն Թուրքիայում ձևավորված ոչ ժողովրդավարական համակարգի պայմաններում ներկա փուլում խորհրդարանում անհնար է որևէ բան անել.«Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր հասարակություն պետք է կարողանա առերեսվել սեփական պատմության հետ, բայց Թուրքիայում հիմա էլ դիկտատատուրա է, մեր կուսակացության հարյուրավոր անդամներ և Ազգային ժողովի 12 պատգամավորներ ներկայումս ձերբակալված են: Ազգային ժողվում անհնար է միայնակ որևէ բան փոխել, հարկավոր է պայքարել և՛ խորհրդարանում, և՛ փողոցներում»,-ընդգծեց պատգամավորը:

էռդալ Կիլիչկայան սակայն համոզված է, որ միավորելով աշխարհասփյուռ ալևիների, հայերի և Թուրքիայի վարչարարություններից տուժած ժողովուրդների ջանքերը, հնարավոր է հասնել արդարարության վերականգնմանը և Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունների ոչ միայն դատապարտմանը, այլև հետևանքների վերացմանը:

Անմեղ զոհերի հիշատակի միջոցառման ընթացքում «Նուբար» ավանդական երգի-պարի համույթի և ալևի երաժիշտների կատարմամբ հնչեցին հայկական և ալևիկան թեմատիկ կատարումներ, որոնցում նույն ցավն էր, նույն վիշտը՝ այս անգամ արտահայտված երաժշտության լեզվով, իսկ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցող հայերի և ալևիների աչքերում նույն թախիծն էր և արդարությունը վերականգնելու նույն անսասան հավատն ու երբեք չմարող հույսը:

Նազելի Ավագյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս