Բաժիններ՝

«Կլուժ»- «Ալաշկերտ». հայկական ակումբը չի հանձնելու խաղը

Արդեն այսօր հայկական «Ալաշկերտը» կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:

Առաջին խաղում հայկական ակումբը սեփական հարկի տակ պարտվել է 2:0 հաշվով: Այսպիսով, «Ալաշկերտը» շատ փոքր հնարավորություն ունի հաջորդ փուլ դուրս գալու համար: Հայկական ակումբը պետք է 2 գոլ խփի և բաց չթողնի ոչ մեկը, որպեսզի խաղը տեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Երևանյան թիմը պետք է հաղթի 2+ գոլի առավելությամբ, հակառակ դեպքում՝ դուրս կմնա պայքարից:

Խաղից առաջ հայկական ակումբի ներկայացուցիչները նշում են, որ իրենք հենց այնպես չեն հանձնվելու:

«Մենք եկել ենք չպարտվելու և լավ խաղ ու արդյունք գրանցելու համար: Չեմ կարող ասել, թե ինչպիսի կլինի արդյունքը, բայց մենք մարտական ենք տրամադրված:

Նախորդ խաղի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք վատ ֆուտբոլ չենք խաղացել, իսկ 2 գոլերը կոպիտ սխալների պատճառով էին:

Մրցակիցը հարգանքի արժանի թիմ է: Մրցակիցը շատ արագ է խաղում: Ֆուտբոլիստների չեմ առանձնացնի, բայց թիմը դրական տպավորություն է թողնում:

Մենք Հայաստանի եռակի չեմպիոնն ենք և, իհարկե, կցանկանանք ավելի առաջ գնալ: Մենք լավ ենք տրամադրված և փորձելու ենք դրական արդյունքի հասնել և ավելի առաջ շարժվել»,- նշում է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

Հայկական ակումբի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը նշում է, որ 2:0 հաշվով պարտվելը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է

«Այո, մենք պարտվել ենք 2:0 հաշվով, բայց այս խաղում փորձելու ենք անել ամեն ինչ լավ արդյունքի հասնելու և հաղթելու համար:

Կարծում եմ, ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե մենք մեկ արագ գոլ խփենք, ապա լավ հնարավորություն կունենանք ընդհանուր խաղում հաջողության հասնելու համար»:

Հայկական ակումբի նորեկ փորձառու Էդգար Մանուչարյանի խոսքով էլ՝ թիմը լավ է նախապատրաստվում և ունի լավ տրամադրություն:

«Չնայած հոգնած ենք, բայց դա չի խանգարում լավ մարզվել: Այս խաղում հնարավորությունը մինիմալ է, բայց մենք հենց այնպես խաղը չենք հանձնելու և պաքարելու ենք հաղթելու համար»:

Անտոնիու Կոնսեյսաուն, ով «Կլուժի» գլխավոր մարզիչն է, նշում է, որ թիմը հանգիստ է, քանի որ մրցակցի հարկի տակ կարողացել է լավ հանդիպում անցկացնել:

Մյուս կողմից, ռումինական ակումբի գլխավոր մարզիչը նշում է, որ իրենք չեն լիցքաթափվում, քանի որ գիտեն, որ հայկական ակումբը հենց այնպես չի ժամանել Ռումինիա և անելու է ամեն բան հաջողության հասնելու համար:

Կոնսեյսաուի խոսքով՝ հաղթելու համար իրենք ունեն դեռևս 90 րոպե և դաշտ են դուրս գալու ոչ թե հաշիվը պահելու, այլ հարձակողական ֆուտբոլ խաղալու և առավելությունը մեծացնելու համար:

«Կլուժ»- «Ալաշկերտ» խաղը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը` Վիլյալմուր Թորարինսոնի գլխավորությամբ, ում կօգնեն Գիլֆի Սիգուրդսոնը և Բիրկիր Սիգուրդարսոնը: Չորրորդ պաշտոնյան Իվար Կրիստյանսոնն է:

Հանդիպումը կկայանա Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս