«Այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը». Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեության 100 օրվան:
«Արձանագրենք, որ այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխում անելը, որպեսզի մեր երկրի տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի հնարավոր լինի նաև բյուջետային քննարկումների համատեքստում շատ կոնկրետ արդյունքներ արձանագրել:
«Ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետւթյան հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունն ու էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով հետամուտ լինենք այն խնդիրների, որ հայ ժողովուրդը դրել է մեր առաջ և որևէ կասկած չկա, որ մենք այս խնդիրները լուծելու ենք, լուծում ենք արդյունավետ և հայ ժողովորդի հաղթանակն անխուսափելի է»,- ասաց վարչապետը: