Սպիտակ տունն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի հետ առևտրում Թուրքիայի ձեռնարկած միջոցների կապակցությամբ
ԱՄՆ-ի վարչակազմն ափսոսանք է հայտնում ԱՄՆ-ի հետ առեւտրում Թուրքիայի կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ ելույթ ունենալով լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում:
«Այդ միջոցներն ափսոսանք են հարուցում, Թուրքիան շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ,- հայտարարել է նա:- Թուրքիայի նկատմամբ մեր միջոցները ձեռնարկվել են ազգային անվտանգության նկատառումներով»: Հարցին՝ պաստոր Բրանսոնի ազատման դեպքում կչեղարկվեն արդյոք Թուրքիայից ներկրվող պողպատի եւ ալյումինի բարձրացված մաքսատուրքերը, Սանդերսը պատասխանել է, որ դրանք «չեն չեղարկվի, քանի որ դա ազգային անվտանգության հարց է»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը: Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
T. C. Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկատուի տվյալներով՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրին համապատասխան, մարդատար ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել են 120 տոկոսով, ալկոհոլային խմիչքներինը՝ 140 տոկոսով, ծխախոտինը՝ 60 տոկոսով: Բացի այդ, ավելացել է նաեւ այլ ապրանքների սակագների չափը, ներառյալ կոսմետիկական միջոցները, բրինձը եւ քարածուխը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 14-ին հայտարարել է ամերիկյան էլեկտրոնային արդյունաբերության արտադրանքը բոյկոտելու մասին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք է օգտագործում Թուրքիայի դեմ: Նրա խոսքով՝ նման գործողությունների հիմնական նպատակն է՝ ստիպել Թուրքիային՝ հրաժարվելու սեփական շահերից: Էրդողանը ներկա իրադրությունը որակել է «տնտեսական պաշարում», իսկ թուրքական արժույթի հետ կապված խնդիրները՝ Թուրքիայի վրա «գրոհի» արդյունք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: