
Իշխանությունները նախազգուշացրել են Ջենովայում աղետի զոհերի թվի զգալի աճի մասին

Իտալիայի Լիգուրիայի մարզի ղեկավար Ջովանի Տոտին օգոստոսի 15-ին նախախազգուշացրել է, որ Ջենովայում կամրջի մի մասի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը կարող է զգալիորեն աճել:
«Մենք շարունակում ենք որոնողա-փրկարարական աշխատանքները կամրջի տակ: Մենք դեռեւս չենք հասել բոլոր գոտիներին: Աշխատում ենք գտնել բազմաթիվ անհայտ կորածների»,- ասել է Տոտին իտալական հեռուստատեսության եթերում:
Նրա տեղեկատվությամբ, «տուժածների մեծամասնությունը, ինչպես հայտնում են բժիշկները, ապաքինվելու լավ շանսեր ունեն»:
Վերջին տվյալների համաձայն, Ջենովայում կամրջի 200-մետրանոց հատվածի փլվելու հետեւանքով զոհվել է առնվազն 38 մարդ: Զոհվածների թվում կան երեխաներ: Նրանցից մեկն ութ տարեկան է, մյուս երկուսը՝ 12 եւ 13 տարեկան: Նաեւ նշվում է, որ զոհվածներից երեքը ֆրանսիացիներ են:
Ներկայում տուժածների թիվը հասնում է 16-ի: Նրանցից 12-ը ծանր վիճակում են:
Կամրջի փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Շուրջ 440 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, քանի որ կամրջի կոնստրուկցիաներն ընկել են դրանց վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: