«Բոլոր մեղավորներն ամենախիստ պատիժները պետք է կրեն, և այս գործընթացում փոխզիջումը տեղին չէ»
Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հանրապետական կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 17-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի՝ սիրո, հանդուրժողականության ու ողջ հայ ժողովրդի միասնության հեղափոխության առաջնորդի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու 100 օրը։ Ինքը՝ հայ ժողովրդի առաջնորդը, հայտարարել է Երևանում այդ օրը հանրահավաք անցկացնելու մասին։ Ես՝ որպես հայ, որպես քաղաքացի, անպայման ներկա կգտնվեմ այդ հանրահավաքին։
Հենց ամենասկզբից ես առաջին արցախցին եմ եղել, ով պաշտպանել է հեղափոխության գաղափարը և իր ֆեյսբուքյան էջը վերածել Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության անհրաժեշտության պրոպագանդայի հարթակի, այն փոփոխության, որը Հայաստանը կդներ համաշխարհային քաղաքակրթության ճանապարհի վրա։
Իշխանության բոլոր ճյուղերում տիրող տոտալ անարդարությունը, անհավանական ծավալների կոռուպցիան, ողջ հայ ժողովրդի ֆիզիկական ու քաղաքացիական անվտանգության մակարդակի նվազեցումը, հայի կերպարի դեգրադացիան այն քիչ դրսևորումներն էին, որոնք հայ ժողովրդին ստիպեցին կանգնել Նիկոլ Փաշինյանի ու նրա համակիրների կողքին ու սկսել մեր հայրենիքի՝ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակն առողջացնելուն միտված հեղափոխական գործընթաց։
Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրերի ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, մարդկանց գիտակցության ու տրամադրությունների մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում տեղի ունեցան տեկտոնիկ շարժեր։
Ես ոգեշնչված եմ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով։ Իհարկե, նոր կառավարության կիրառած մեթոդների ու գործողությունների մեջ լրջագույն բացթողումներ կան, բայց ընդհանուր առմամբ մենք՝ հայերս, պետք է հպարտանանք նրանով, որ անկախություն ձեռք բերելու ժամանակներից ի վեր մենք ունենք կառավարություն, որը մոտիվացված ու կողմնորոշված է դեպի մեր հասարակություններում անարդարության ու կոռուպցիայի արմատախիլ անելը, մեր Հայրենիքի անվտանգության ողջ համակարգի արդիականացումն ու ամրապնդումը, տնտեսության ու ներդրումների բոլոր ոլորտներում մտածողության ու գործողությունների փոխակերպումը, Հայաստանը սոցիալապես արդար երկիր դարձնելուն, Հայաստանի ու Արցախի հեղինակության բարձրացումը և այլն…
Ինձ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները Մարտի 1-ի ու մնացած բոլոր հնչեղություն ունեցող հանցագործությունների հետաքննությունները հետևողականորեն ավարտին հասցնեն։ Առանց դատարանի օրինական, արդար ու թափանցիկ վճռի՝ մենք չենք կարող արդար ազգ համարվել ու շարժվել առաջ։ Բոլոր մեղավորներն ամենախիստ պատիժները պետք է կրեն, և այս գործընթացում փոխզիջումը տեղին չէ։
Որպես Արցախի քաղաքացի՝ ես չեմ կարող չարտահայտել իմ համակրանքը վարչապետ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ Արցախի շահերը միջազգային կառույցներում պաշտպանելու ձգտման, ինչպես նաև արցախաադրբեջանական կոնֆլիկտի միջազգային-իրավական կարգավորման գործընթացներում Արցախի ղեկավարությանը ներգրավելու մտադրության համատեքստում…
Ահա Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության 100 օրերի այն ոչ շատ պահերը, որոնք ինձ համոզում են Երևան գալ ու ամենաակտիվ մասնակցությունն ունենալ Հայաստանի նոր, հեղափոխական կառավարության գործունեության աջակցության հանրահավաքին, մեր ողջ համազգային եռամիասնության՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կառավարության աջակցության հանրահավաքին։
Ես աշխարհի բոլոր հայերին, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն ողջ հայության ճակատագրի նկատմամբ, կոչ եմ անում մասնակցել այդ մեծագույն միջոցառմանը ու աջակցել վարչապետ Փաշինյանին հայերի երազանքը իրականություն դարձնելու ձգտման մեջ»։