Բաժիններ՝

ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակյության հետ կապերի ծառայությունից, 2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս պահպանվելով համեմատաբար բարձր մակարդակում: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին՝ տատանվելով թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակներում։

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել են դրան համադրելի գնաճային զարգացումներ: ԿԲ խորհրդի գնահատմամբ, տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ առևտրային սահմանափակումների և պատժամիջոցների կիրառման ներքո դիտվել է ֆինանսական շուկաների տատանողականության աճ, ինչը ներկայումս ՀՀ ֆինանսական շուկաների համար զգալի ռիսկեր չի պարունակում, սակայն ցանկացած ռիսկի դրսևորման պարագայում ԿԲ-ն կարձագանքի համարժեքորեն:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. հունիսին վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսության աճի արագացման շնորհիվ տնտեսական ակտիվությունը վերականգնվել է՝ երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված դանդաղումից հետո: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկայում համախառն պահանաջարկը աստիճանաբար կթուլանա` պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով, ինչն արտահայտվում է նախատեսվածի համեմատ ծախսերի զգալի տնտեսումներով:

Հաշվի առնելով ակնկալվող զարգացումները՝ ներքին պահանջարկի դանդաղումը և արտաքին աշխարհի թույլ գնաճային միջավայրը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների և նշված ռիսկերի բացակայության պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարևոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը նաև առաջիկա ժամանակահատվածում՝ միջնաժամկետ հատվածում դրա աստիճանական չեզոքացման պայմանով: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. օգոստոսի 28-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2018թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս