Մերկելն օգոստոսի 23-ին այցով կժամանի Վրաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը (ՎՀՀ)՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրներ:

«Նախնական տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցը Վրաստան կկայանա ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին, Անգելա Մերկելի Վրաստան առաջիկա այցի ամսաթվի եւ ծրագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն առաջիկա ժամերին կհրապարակի Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը»,- հայտնել է ՎՀՀ-ն:

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին օգոստոսի 14-ին ՎՀՀ-ին տված հարցազրույցում ասել է, որ Թբիլիսիում «մեծ կարեւորություն են տալիս կանցլերի այցին»:

«Գերմանիան Վրաստանին աջակցություն է ցուցաբերում եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման գործընթացում, օգնություն՝ բարեփոխումների եւ կոնկրետ նախագծերի իրականացման գործում. նման բարձրաստիճան անձի այցը շատ կարեւոր է մեր երկրի համար»,- նշել է նախարարը: Վրաստան այցը Մերկելի համար երկրորդը կլինի ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում: Առաջին անգամ նա Թբիլիսի է այցելել 2008 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս