Բաժիններ՝

«Դրամը պահպանում է կայունությունը հավասարակշռված դրամավարկային քաղաքականության շնորհիվ»

Տարածաշրջանում հարևան երկրների ազգային արժույթի արժեզրկման ֆոնին Հայաստանի ազգային դրամը պահպանում է իր կայունությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ տարածաշրջանում ազգային արժույթի անկայունության միտումներ է նկատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած անկանխատեսելի արտաքին քաղաքականության ֆոնին:

Տնտեսագետը ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հարևան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում, Վրաստանում և Ադրբեջանում նկատվում է արժույթների համատարած արժեզրկում, սակայն Հայաստանի ազգային դրամն իր կայունությունը պահպանում է:

«Այս առումով Հայաստանի ազգային դրամը պահպանում է ոչ միայն հարաբերական, այլ բացարձակ կայունություն վերջին տարիների ընթացքում, որն, իհարկե, հավասարակշռված դրամավարկային քաղաքականության արդյունք կարելի է համարել, ինչն իր հերթին կայուն ֆոն է ստեղծում բիզնես միջավայրի համար: Այսինքն՝ ձեռներեցների համար ազգային արժույթը կանխատեսելի է դարձնում նաև տնտեսության զարգացումները և ներդրումներ կատարողները, բնականաբար, շատ ավելի նախընտրելի են դարձնում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը»,- ասաց Մանասերյանը:

Տնտեսագետը հիշեցրեց, թե ինչպես էին հարևան երկրներում բազմաթիվ բանկեր փակվում, ինչը Հայաստանում չի նկատվել նույնիսկ 2009-14 թվականների ազգային դրամի արժեզրկման ժամանակ:

Մանասերյանը Հայաստանի համար ոչ ցանկալի է համարում ԱՄՆ-ի կողմից կիրառվող նոր պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փողկապակցված են և բավական մեծ ծավալ են կազմում արտահանումն ու ներմուծումը, որոնք տարեցտարի ավելանում են, հատկապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության համատեքստում:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը վերջին շրջանում և ես կասեի վերջին տարիների ընթացքում բավականին բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի Հանրապետության վրա: Եվ դա առաջին հերթին Ռուսաստանի բնակչության վճարունակության անկումն է , որը կարող է խոչընդոտել Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման վրա»,- ասաց տնտեսագետը:

Ըստ Մանասերյանի՝ մյուս կողմից, երբ Հայաստանի գործընկեր երկրում տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում, դա երկրին հնարավորություն է տալիս համեմատաբար ավելի էժան գներով ձեռք բերելու հումք կամ պատրաստի արտադրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս