
Էրդողանն ու Պուտինը քննարկել են տնտեսական և առևտրային հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Թուրքիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների դրական զարգացումը, ինչպես նաև գոհունակություն են հայտնել պաշտպանության և էներգետիկ ոլորտներում երկու երկրների համագործակցության առթիվ: Նախագահները քննարկել են նաև Սիրիայի վերջին իրադարձություններն ու Աստանայի գործընթացը»,- նշել է աղբյուրը:
Էրդողանի և Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Յոհանեսբուրգում տեղի ունեցած ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում, որի ընթացքում թուրք նախագահը նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դրական զարգացում ունեն բոլոր ուղղություններով, և նույնիսկ առաջացնում են այլոց նախանձը: