«Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ արտաքին խոչընդոտներից և պատժամիջոցներից»
«Իրանն ու Հայաստանը միմյանց համար կարևոր են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին ու Հայաստանի քաղաքականությանը նոր իրավիճակում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի կեսգիշերից ուժի մեջ մտավ Իրանի հանդեպ ամերիկյան վերականգնված պատժամիջոցների առաջին փուլը, որն ուղղված է արտարժույթի շուկային ու արդյունաբերության հիմնական ճյուղերին: Իրանին արգելվում է ամերիկյան դոլար գնել, արգելվում կամ խիստ սահմանափակվում է օդանավերի, ավտոմեքենաների, ալյումինի, մետաղների, պարսկական գորգերի ու ոսկու առևտուրը, արգելվում են իրանական ռիալով գործարքները: Պատժամիջոցների երկրորդ փուլով՝ առաջիկա նոյեմբերից, նախատեսվում է արգելքներ դնել իրանական նավթի արտահանման ու առևտրի վրա: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր երկրներին ու գործարարներին նախազգուշացրել էր՝ զերծ մնալ Իրանի հետ առևտրից: «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ»,- Թվիթերի իր էջում գրել էր Թրամփը:
Փոլ Գոբլն ասաց, որ նախագահ Թրամփն արեց այն, ինչի մասին խոսում էր՝ սկսած իր նախընտրական քարոզարշավի մեկնարկից։ Ըստ նրա՝ այս որոշման վերաբերյալ կարծիքներն ԱՄՆ-ում ևս տարբեր են, ոմանք աջակցում են Թրամփի այս որոշմանը, ոմանք՝ քննադատում։
«Իմ կարծիքով՝ ի վերջո, տվյալ իրավիճակը չի երկարաձգվի, և կողմերը կգնան բանակցությունների ճանապարհով, քանի որ ԵՄ դիրքորոշումը, թեև այս փուլում այն անտեսված է, հաշվի է առնվելու, ազդելու է իրավիճակի վրա։
Ներկայումս Իրանն ունի ԵՄ-ի, Ռուսաստանի աջակցությունը, որը կթուլացնի ամերիկյան քաղաքականության ազդեցությունը: Այնուամենայնիվ, այն խոշոր ծրագրերը, որոնք կային Իրանի իշխանությունների ծրագրերում, ժամանակավորապես կդադարեցվեն, խոսքը Պարսից ծոցից Սև ծով տարանցիկ ուղու մասին է, առևտրային կապերը Արևմուտքի հետ խորացնելու հեռանկարները ևս վտանգված են, քանի որ ամեն դեպքում ամերիկյան պատժամիջոցները կխոչընդոտեն։ Առանց այն էլ երկար ճգնաժամից հետո Իրանն այս ընթացքում չհասցրեց արագ վերականգնվել, շատ ծրագրեր այդպես էլ մնացին թղթի վրա, մեծ տնտեսական առաջընթաց Իրանը չապրեց։ Բայց Իրանի տնտեսությունն այս ամենից չի տուժի այնպես, ինչպես անցյալում, քանի որ եվրոպացիները կփորձեն օգնել հաղթահարել իրավիճակը, ինչը բացահայտ ցույց են տալիս»,- ասաց նա։
Ըստ Գոբլի՝ Հայաստանի համար նման ռեժիմում հարևան Իրանի հետ հարաբերությունների պահպանումն անակնկալ չէ։ Ըստ նրա՝ կողմերը մեծ փորձ են կուտակել և առաջիկայում ևս դա կօգտագործեն՝ ի օգուտ երկկողմ հարաբերությունների զարգացման։
«Ըստ իս՝ այս պատժամիջոցները չեն կարող այնքան խոչընդոտել հայ-իրանական հարաբերություններին, որքան կազդեն Իրանի իշխանությունների տրամադրվածության վրա՝ զարգացնել իրենց արտաքին հարաբերությունները։
Նախկին փորձը ցույց է տալու, որ ընդհանուր առմամբ Իրանը կաշկանդվելու է և մեծ հույսեր չի կապելու իր արտաքին գործընկերների հետ։ Բացի այս ամենը, Իրանի և Հայաստանի երկկողմ օրակարգում կան ծրագրեր, որոնք անկախ Իրանի կարգավիճակից՝ կարող էին իրագործվել, սակայն տեղից չեն շարժվել կողմերի պասիվության պատճառով։ Տեսակետները, թե եղել են արտաքին խոչընդոտներ, արժանահավատ չեն, քանի որ այս հարաբերություններում տարիներ շարունակ էական աշխատանք չի կատարվել։
Եթե լիներ քաղաքական կամք, երկկողմ հարաբերությունների որոշ ոլորտներում էական արդյունքներ կլինեին։ Ուստի մեղավորությունն այլ կենտրոնների վրա բարդել պետք չէ:
Թեև մենք գիտենք, թե ինչպիսինն է ներկայիս Ռուսաստանը, ինչպիսի հարաբերությունների է ձգտում Հայաստանի հետ և ներկայումս ինչպիսի ակնկալիք ունի ՀՀ իշխանություններից, քանի որ Հայաստանը շատ կարևոր է Ռուսաստանի համար, Հարավային Կովկասում Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր գործընկերն է։ Հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ արտաքին խոչընդոտներից և պատժամիջոցներից։ Իրանական ուղղությունը Հայաստանի համար կարևոր է հաղթահարելու համար շրջափակման վնասները, իսկ Իրանի համար Հայաստանը դեպի Արևմուտք դուրս գալու հնարավորություն է։ Այսինքն՝ այստեղ շահերը երկողմանի կարևոր են»,- ասաց Գոբլը։
Անդրադառնալով տեսակետներին, թե Հայաստանը կարող է Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական աշխատանքի միջոցով բացատրել, որ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար, և դրանք վտանգելը ԱՄՆ դիրքորոշման պատճառով կարող է Հայաստանի համար վտանգավոր լինել, Գոբլն ասաց, որ դա անհրաժեշտություն է։
Ըստ նրա՝ Հայաստանը և ցանկացած երկիր պետք է ակտիվ աշխատի բոլոր գործընկերների հետ։ Այս հարցով, նրա համոզմամբ, բնականաբար կարող են լինել ոչ հրապարակային դիրքորոշումների փոխանցումներ։