Ռուսական Հարավային ռազմական շրջանի ՃՔԿ պաշտպանության զինծառայողները Հայաստանում կմասնակցեն հետևակի երկկողմ դասընթացներին
Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՃՔԿ (ճառագայթային, քիմիական և կենսաբանական) պաշտպանության զինծառայողները բարձրլեռնային Կամխուդ հրաձգարանում սկսել են պատրաստվել հետևակի երկկողմ մարտավարական դասընթացներին:
Այս մասին ասված է Հարավային ռազմական շրջանի տարածած հաղորդագրությունում:
«Գործնական դասընթացների ընթացքում ՃՔԿ պաշտպանության զինծառայողները մեկ ամսվա ընթացքում կիրականացնեն հատուկ մարտավարական, կրակային պատրաստության և արդի հետախուզական քիմիական ՀՔՄ-6 տեսակի մեքենաներով առավելագույն արագությամբ արգելքների հաղթահարմամբ ընթանալու վարժություններ` ճառագայթում ունեցող վայրում և պայմանական հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման պայմմաններում: Նրանք նաև կանցկացնեն հողի, բուսականության և ջրի հետազոտություն` պայմանական ճառագայթում ունեցող տեղանքում` ռադիոակտիվություն արձակող աղբյուրը և թունավորող նյութերի տեսակները բացահայտելու նպատակով:
Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամաններին համապատասխան` հետևակի մարտավարական դասընթացները կլինեն երկկողմ` նվազագույնը երեք տեսակի զորքերի մասնագետների, այդ թվում` ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, հետախուզության և բժշկական ապահովության մասնակցությամբ:
Անդրկովկասում երկկողմ մարտավարական դասընթացների գործնական կազմակերպմանը ներգրավված է ավելի քան 2 հազար զինծառայող և շուրջ 400 միավոր հատուկ զինտեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում: