Պայթյուն է տեղի ունեցել Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի խառնարանում. EFE
Ուժգին պայթյուն եւ մոխրի հուժկու արտանետում է գրանցվել Գվատեմալայի Ֆուեգո հրաբխի խառնարանում, որի ժայթքումը հունիսի սկզբին 165 մարդու մահվան պատճառ դարձավ: Ինչպես հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Սեյսմոլոգիայի, հրաբխագիտության եւ հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը, դա դարձել է հրաբխի գործունեության ամենաուժգին դրսեւորումը վերջին երկու ամսվա ընթացքում։
«Դա առաջին ուժգին պայթյունն է, որը (խառնարանում) գրանցվում է վերջին վեց շաբաթվա ընթացքում, եւ կարող է նշանակել, որ հրաբխի ակտիվության նոր փուլ է սկսվում»,- նշել են ինստիտուտում: Պայթյունից հետո հսկայի լանջերին տեղի են ունեցել փլուզումներ, իսկ հրաբխաերախից դուրս են ժայթքել շուրջ 4,8 կիլոմետր բարձրությամբ մոխիր եւ հրաբխային գործունեության գազակերպ արգասիքներ:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր է, մտնում է Գվատեմալայի տարածքում առավել ակտիվ հրաբուխների շարքը: Այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: