«Ռոբերտ Քոչարյանի գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով». Լարիսա Ալավերդյան
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործն ընթանում է մարդու իրավունքների ոտնահարումով։
«Ամբողջովին ողջունելով թե՛ կոռուպցիայի դեմ պայքարը, թե՛ Մարտի 1-ի գործին անդրադառնալը, ես պարտավոր եմ հստակեցնել, որ վերին աստիճանի շատ հարցեր են ծագում դատավարական կամ նախադատավարական իրավունքների տեսակետից։ Ես ափսոսում եմ, որովհետև շատ լավ նպատակին հասնելու համար պետք է գործել անթերի։ Ես հիշեցնեմ, որ Եվրոպական դատարանում երբևէ չի հետաքրքրում գործի նյութական մասը՝ մեղավոր է, թե ոչ, նրանց հետաքրքրում է՝ ինչպես է ընթացել գործը։ Իսկ այս գործը լեփ-լեցուն է մարդու իրավունքների ոտնահարումով։ Ուղղակի ափսոս է, որ դրական նպատակի համար սկսված գործընթացն ընթանում է այդքան ակնհայտ մարդու իրավունքների ոտնահարումով»,- ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ ամենաբարդ, հասարակության կողմից ամենաչսիրված անձանց գործերը պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ. «Այստեղ դիտարկում ենք խիստ հակառակ գործընթացներ։ Ես չեմ խոսում Հատուկ քննչական ծառայության նախագահի հայտարարությունից. մենք նման բան չենք ունեցել վերջին 25 տարվա ընթացքում։
Այսինքն՝ հրապարակավ ասել, որ սա է ճիշտը, դա ոչ թե ճնշում է, այլ այն նույն պրակտիկան է, որի դեմ ուզում է պայքարել նոր իշխանությունը։ Հակասությունը դրա մեջ է, որ հայտարարված նպատակներն ու կիրառվող մեթոդները վերին աստիճանի իրար հակասում են։ Դա պայմանավորված է շտապողականությամբ, բացի այդ՝ ամեն մեկը, ով ինչ-որ մարմին է ղեկավարում, ժամ առաջ ուզում է ապացուցել իր հավատարմությունը նոր իշխանություններին։ Կասկած ունեմ՝ արդյո՞ք այդ նույն շտապողականությունը չունեն և նոր իշխանությունները։ Մայիսը, որ հայտարարվել է՝ որպես վերջնաժամկետ, այդքան էլ կարճ ժամանակահատված չէ»։
Այս առումով Լարիսա Ալավերդյանը հենց իշխանության համար է ավելի շատ վտանգ տեսնում. «Այնինչ, եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են, որ այս իշխանությունները հասնեն հաջողության, ես նրանց մեջ եմ։ Ես շատ կափսոսամ, եթե նման քայլերով մեզ վերադարձնենք 25-30 տարի հետ։ Փաստաբանների հանդեպ այդ ամոթալի արշավը, որ սկսվել է, և՛ երկրի պատիվն է գցում, և՛ հասարակության. այն անձինք, ովքեր դա անում են, ուղղակի իրենց ապագայի վրա խաչ են քաշում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում