«Ովքե՞ր են ֆինանսավորում ու կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին, որում ասված է.
«Հարգարժան վարչապետ,
ՀՀ կառավարության հարգելի անդամներ,
Մենք արդեն երկրորդ անգամ դիմում ենք Ձեզ`խնդրելով հատուկ ուշադրություն դարձնել Լիդիանի նկատմամբ ծավալված այս անարդար պայքարին:
Ընդամենը մեկուկես ամսվա պարապուրդն արդեն իսկ էականորեն ազդել է մեր համայնքում կյանքի որակի վրա։ Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի և օրվա հացի: Գյուղերում արդեն փակման եզրին են մանր առևտրի կետերը, կանգնել են ձեռնարկությունների պատվերները, բազմաթիվ ծրագրեր ընդհատվել են, ու հայտնի չէ կվերսկսվե՞ն արդյոք։ Մեզանից շատերը վարկեր են վերցրել՝ երբ ունեինք նորմալ վարձատրվող և ապահովագրված աշխատանք։ Հիմա մենք կագնած ենք անորոշության և սնանկացման վտանգի առջև։
Մեզ համար հասկանալի է, որ պայքարը Լիդիանի նկատմամբ ուղղորդված է հեռահար նպատակներով, որպեսզի դուրս մղվի այդ ընկերությունը: Մեզանից շատերը երկար տարիներ աշխատել են Լիդիանում և տեսել են, թե ինչ հոգատարությամբ է այս ընկերությունը վերաբերվում բնապահպանությանը, հետևաբար մենք չենք հավատում այս մարդկանց բնապահպանական մտահոգություններին: Ոչ մի ազնիվ մարդ չի կարող հիսուն օր ու գիշեր հսկել վտանգ չներկայացնող ըկերության ճանապարհը, այն դեպքում, երբ անգամ մի քանի օր չաշխատելը մեզ, օրինակ, կանգնեցրել է ընտանիքը կերակրելու լուրջ խնդրի առջև։
Ովքե՞ր են ֆինանսավորում ու բառիս բուն իմաստով կերակրում այս մարդկանց այստեղ շահագրգիռ ձևով բնապահպանի դեր խաղալու համար, որտե՞ղ էին այս բնապահպանները, ինչո՞ւ հենց այսօր չեն արգելում փաստացի բնությունը փչացող այլ հանքերի աշխատանքը, և իրենց ամբողջ էներգիան ուղղել են արտասահմանյան լավագույն ընկերության դեմ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գյուղերում ամեն մարդ շատ լավ գիտի, ու ժամանակն է, որ կառավարության հետաքննությունը ևս դրանք պարզի ու սադրիչներին պատժի ենթարկի։
Մեզ Լիդիանից կոչ է արվել ոչ մի դեպքում չգնալ ընդհարման ցուցարարների հետ՝ ընկերության համար էլ ավելի բարդ ու վտանգավոր իրավիճակ չստեղծելու համար, ու դա է մեզ հետ պահում։ Ուստի խնդրում ենք գործադրեք պետության ուժն ու վճռական որոշում կայացրեք՝ հստակեցնելով իրավիճակը, քանի որ այսպիսի ձգձգումը ցանկացած արդյունքի պարագայում արդեն իսկ սնանկացման է տանում հարյուրավոր ընտանիքների։
Միայն գյուղատնտեսությունը, միայն տուրիզմը մինչև օրս չեն նպաստել մեր բարեկեցությանը, մեզ համար կարևոր է համայնքում ունենալ հզոր գործատու, որը տալիս է նորմալ կյանքի պայմաններ ունենալու հույս և հնարավորություն»։
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից
08.08.2018