«Փոփոխություններն անկասկած անհրաժեշտ են, բայց դրանք պետք է անենք այնպես, որ չվնասենք Արցախի հիմնահարցին». Հրանտ Մարգարյան
Արցախի հիմնահարցը ՀՅԴ-ի համար շարունակում է գերխնդիր մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ալիք» օրաթերթի խմբագրություն կատարած այցի ընթացքում օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: «Ես գիտեմ, որ այն, ինչ հիմա պետք է ասեմ, որ որոշ ուժեր պետք է փորձեն հեգնել, թե ամեն անգամ, երբ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին հարցեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը դեպի Արցախ շեղել: Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը: Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, դա նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է լինելու կամ գրեթե իզուր է լինելու»,- ասել է Մարգարյանը:
Մարգարյանն ընդգծել է, որ արցախյան ազատամարտում տարած հաղթանակը հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է: Նրա գնահատմամբ` այդ հաղթանակի վրա պետք է դողալ: «Եվ ես դողալ բառն առանց վարանելու եմ շեշտում, եթե նույնիսկ դա որոշակի հեգնանքի առարկա կարող է դառնալ»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Անդրադառնալով վերջին ամիսների զարգացումներին՝ Հրանտ Մարգարյանը բնական է համարել այն, որ երբ Հայաստանում խնդիր կա, արտաքին քաղաքականության ոլորտում խնդիր կա, Ադրբեջանն ակտիվանում է, ստեղծված առիթն օգտագործում է իր ծրագրերը հաջողեցնելու համար:
«Մենք չպետք է դա թույլ տանք: Պետք է հասկանանք, որ այսօրվա մեր գերագույն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է, որ մենք պետք է կարողանանք մոբիլիզացնել մեր ողջ ներքին կարողությունները Հայաստանում, Արցախում և սփյուռքում, որպեսզի Արցախի հարցում մենք նահանջ չարձանագրենք: Մենք պետք է գոտեպնդվենք, պետք է մեր ուժերը ի մի բերենք, հասկանանք, որ ներքին միասնականությունը, ներքին բարեփոխումները, փոփոխությունը Հայաստանում պետք է ընթանան այն ուղիով, որ մենք Արցախի ճակատում նահանջ չունենանք: Սա պետք է լինի մեր խնդիրը: Փոփոխություններն անկասկած անհրաժեշտ են, բայց դրանք պետք է անենք այնպես, որ չվնասենք Արցախի հիմնահարցին»,- ընդգծել է նա:
Խոսելով արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին՝ Հրանտ Մարգարյանն ասել է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ նրանից ընդդիմադիր են, թե ոչ, իրենց աշխատանքը պետք է տանեն, որպեսզի արտաքին քաղաքականության մեջ չլինեն թյուրիմացություններ, կասկածամտություն չստեղծվի մեր երկրի շուրջ, որպեսզի հնարավոր լինի կայունություն ունենալ: Կայունություն, որը իր ազդեցությունն է ունենալու Արցախի հարցի վրա:
Ամփոփելով խոսքը՝ Հրանտ Մարգարյանը շեշտել է, որ
Արցախից պետք է ամուր ու վճռական ձայն լսվի, Արցախից ազգային միասնականության կոչ պետք է հնչի, որովհետև սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրա կարող ենք հենվել և ոչ միայն ունեցած հաջողություններն ամրագրել ու պահպանել, այլ նաև նոր ձեռքբերումներ ունենալ: Նա հավելել է, որ գլխավոր մտահոգությունն այսօր Արցախն է և այդ մտահոգությունը շինծու չէ:
Նրա խոսքով՝ նույնիսկ նրանք, ովքեր այսօր հեգնում են, նրանք էլ ներքուստ համոզված են, որ այդ մտահոգությունը իրական է: