Բաժիններ՝

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» կոռուպցիոն ռիսկեր է նկատել ՊՆ և Ոստիկանության կատարած գնումներում

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» ՀՀ ՊՆ և Ոստիկանության կատարած գնումներում կոռուպցիոն ռիսկեր է նկատել: Այս մասին այսօր  մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը:

«Ընկերություններ կան, որոնք տարիներ շարունակ հաղթող են ճանաչվում կոնկրետ ապրանքատեսակի մատակարարման մրցույթներում: Այստեղ առաջին հայացքից կարող է խնդիր չլինել, բայց, երբ ուսումնասիրում ենք գնումների գործընթացի բողոքարկումը, Պաշտպանության նախարարությունն այն մարմինն է, որի դեմ ամենից հաճախ է բողոքարկում իրականացվում, իսկ դրանց շուրջ 50%-ը իրավացի բողոքներ են, այսինքն` խախտվում են գնումների մրցույթին մասնակցողների շահերը»,- նշեց Մանուկյանը:

Տնտեսագետի խոսքով` մրցույթներում հաղթած կազմակերպությունների մեջ կան նաև այնպիսիք, որոնք ըստ պայմանագրի կետերի կամ գոնե ենթադրաբար պետք է ունենային գրանցված առնվազն 4 աշխատակից, բայց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարում են ընդամենը 3 աշխատողի համար սահմանված գումար:

«Որոշ խումբ ընկերություններ կան, որոնց`«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարումների ու նրանց ստանձնած պարտավորությունների տեսանկյունից ռիսկեր ենք տեսնում: Օրինակ` ավտոլվացման կազմակերպություններից մեկը, որն ըստ պայմանագրի պետք է ունենա առնվազն 4 աշխատակից, չհաշված վարչական անձնակազմը, պետական հիմնադրամին վճարում է 3 աշխատակցի համար նախատեսված գումար, իսկ Պաշտպանության նախարարությանը զինվորական հանդերձանք տրամադրող կազմակերպությունը, որն ըստ պայմանագրի տեղական արտադրանք է մատակարարում, գրանցված ընդամենը մեկ աշխատող ունի: Օրենքի տեսանկյունից սա կարող է նորմալ համարվել, բայց տրամաբանական տեսանկյունից մեկ հոգին չի կարող նշված ժամանակահատվածում այդքան հանդերձանք կարել»,- ասաց Մանուկյանը:

Նոր կառավարության ստեղծումից հետո ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Արտակ Մանուկյանը նշեց, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո իրենք հիմա բացի հանրային հարթակից կարող են իրենց հայտնաբերած կոռուպցիոն ռիսկերի մասին բարձրաձայնել նաև պետական կառույցներում ու պատրաստվում են իրենց ուսումնասիրած ընկերությունների ցանկն ուղարկել պատկան մարմիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս