Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով
Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:
Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչեւ 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ եւ ջրհորներ։ Կորպորացիան որոշել էր դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո՝ պարզաբանելով, որ օգնությունը նախատեսված է ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրների համար: Ի պատասխան, 2008 թվականի մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը»: «Մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք», – հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:
Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր տասը տարիներին փորձեր էին արվում վերսկսել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի օգնության ծրագրերը Հայաստանում, սակայն, այդ տարիներին Հայաստանը չէր համապատասխանում Կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի եւ ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի եւ Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը:
Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով $996-$3,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։
Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը $3,895-ից ավելի է։
«Ամերիկայի Ձայն»-ը կփորձի պարզաբանել, թե 2017-2018 թվականների որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, ինչը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում: Ի դեպ, հարեւան Վրաստանը կարող է ստանալ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի աջակցությունը, քանի որ գտնվում է Հայաստանից ցածր՝ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքում:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայում «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է որպես «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիան իրավունք չունի Հայաստանը որպես օգնություն ստանալու թեկնածու դիտարկել:
«Նախորդ տարի Հայաստանը «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր էր, սակայն, այս փոփոխության արդյունքում Հայաստանը չի կարող հավակնել Կորպորացիայի օգնությանը: Այն նախատեսված է միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների համար: Եթե ապագայում Հայաստանը վերադասակարգվի եւ կրկին համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիայի տնօրենների խորհուրդը կարող է որոշել վերսկսել ծրագրերը Հայաստանում», – հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին: