«Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմը պահպանել է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի կինովարձույթում
«Առաքելությունն անիրագործելի է. հետեւանքները» ֆիլմը՝ գլխավոր դերում Թոմ Քրուզի մասնակցությամբ, երկրորդ շաբաթն անընդմեջ դրամարկղային մուտքերի չափերով պահպանել է առաջատարի դիրքը ԱՄՆ-ի կինովարձույթում: Անցած շաբաթվա ընթացքում կինոթատրոնները վաճառել են Paramount Pictures կինոընկերության արկածային մարտաֆիլմի 35 մլն դոլար գումարի տոմսեր: Այսպիսով՝ ժապավենի ընդհանուր դրամարկղային մուտքերը Հյուսիսային Ամերիկայում հասել են 124,4 մլն դոլարի, իսկ ամբողջ աշխարհում՝ 329 մլն դոլարի՝ 178 մլն դոլարի արտադրական ծախսերի դեպքում:
«Առաքելությունն անիրագործելի է» ֆրանշիզայի վեցերորդ ֆիլմի առեւտրային հաջողությունը նրան թույլ է տվել ԱՄՆ-ում անցնել վաճառքներից 1 մլրդ դոլար եկամուտների նշագիծը: Դեռ ավելին, անցած շաբաթ The Numbers պորտալի հաշվարկների համաձայն, ֆրանշիզայի ժապավեններից համաշխարհային դրամարկղային մուտքերը գերազանցել են 3 մլրդ դոլարը՝ կազմելով 3,016 մլրդ դոլար:
Մինչդեռ կինոնկարը կշարունակի եկամուտներ բերել, քանի որ Չինաստանում ֆիլմը Էկրաններ կբարձրանա օգոստոսի 31-ին: Դրամարկղային մուտքերի չափերով երկրորդ դիրքում անցած շաբաթ հայտնվել է «Քրիստոֆեր Ռոբինը» խաղարկային ֆիլմը, որը հիմնված է Ալան Միլնի՝ Վինի թուխի մասին գրքերի վրա:
Walt Disney Pictures կինոընկերության ժապավենն իր դեբյուտային շաբաթվա ընթացքում հավաքել Է 25 մլն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մարկետոլոգների կանխատեսումների ստորին շեմը: Շաբաթական վարկանիշի երրորդ հորիզոնականում նույնպես դեբյուտային ֆիլմ է՝ «Լրտեսը, որն ինձ գցեց» կատակերգությունը՝ 12,3 մլն դոլարով:
Այս ժապավենում գլխավոր դերում նկարահանվել է դերասանուհի Միլա Կունիսը: Ֆիլմը, որի պորդյուսերներից եւ դիստրիբյուտորներից մեկը Lionsgate կինոընկերությունն է, Rotten Tomatoes հրատարակությունից ստացել է համակրանքների միայն 38 տոկոսը: Վարկանիշի չորրորդ հորիզոնականում գտնվում է ԱՄՆ-ի կինովարձույթում երրորդ շաբաթն ընթացող Universal Pictures կինոստուդիայի «Mamma Mia! 2» երաժշտական կատակերգությունը: Նրա դրամակղային մուտքերն անցած յոթ օրվա ընթացքում կազմել են 9 մլն դոլար գումար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: