ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, քան նրանք, որոնք գոյություն ունեին 2015 թվականին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի ստորագրումից առաջ: «ԱՄՆ-ը պատրաստվում է խստացնել պատժամիջոցները»,- լրագրողներին ասել է դիվանագետը ասիական շրջագայությունից վերադառնալուց հետո:
Նա նշել է, որ պատժամիջոցները պատասխան են Իրանի ղեկավարությանը «չարամիտ գործողություններին», եւ որ պատժամիջոցների աղետալի հետեւանքների համար պատասխանատվությունն ընկնում է իրանական կառավարության վրա:
Օգոստոսի 6-ին լրանում է այն ժամկետը, որից հետո ԱՄՆ-ը պետք է վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցների առաջին մասը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման գծով տնօրեն Բրայան Հուքը հայտարարել է, որ այդ պատժամիջոցները կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին:
Հակաիրանական պատժամիջոցներ երկրորդ մասը պետք է ուժի մեջ մտնի մինչեւ նոյեմբերի 4-ը: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրազակցիաներին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ինչպես նաեւ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ սպառնալիքները խախտում են ՄԱԿ-ի համապատասխան որոշումները, բախվել են բոլոր կողմերի անհամաձայնությանը»:
«Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կկարողանա անսալ միջազգային հանրակցության կոչին եւ կուղղի իր սխալ գործողությունները»,-ասել է Զարիֆը: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է հետագայում է կատարել համաձայնագիրը եւ դրա համար ջանքեր գործադրել համաձայնագրի մյուս մասնակիցների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: