Վիճակագրական կոմիտեն հունիսին մեկ աշխատավարձի նվազում է ցույց տալիս, մեկ՝ աճ
ՀՀ վիճակագրական կոմիտեն դեռ հուլիսի 20-ին հրապարակել էր 2018 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնցից երևում էր, որ միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, նվազել է։
Մասնավորապես, 017 թվականի հունիսի համեմատ, հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը նվազել էր 6.1%-ով և կազմել է 171 950 դրամ ։ Այդ թվում, պետական հատվածի աշխատավարձը նվազել էր 9.1%-ով՝ կազմելով 143 904 դրամ, ոչ պետական հատվածինը՝ 12.4%-ով, և կազմել 189 271 դրամ։
Սակայն հուլիսի 31-ին հրապարակված մանրամասն զեկույցում նշված է, որ 2018 թվականի հունիսին՝ 2017 թվականի հունիսի համեմատ, միջին ամսական աշխատավարձը ոչ թե նվազել է, այլ աճել 4.9%-ով։ Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձն աճել է 0.8%-ով, ոչ պետական հատվածում՝ 6.6%-ով։
Ընդ որում, թե՛ հուլիսի 20-ի, թե՛ հուլիսի 31-ի զեկույցներում միջին աշխատավարձի չափը հունիս ամսվա համար նույնն է՝ 171 950 դրամ։
Բնականաբար, Վիճակագրական կոմիտեն մեթոդական կամ տեխնիկական բնույթի պատճառներով կբացատրի այս հակասությունը։
Սակայն նշենք, որ հուլիսի 20-ին, երբ Վիճակագրական կոմիտեին հղում անելով, ԶԼՄ-ները գրեցին, որ աշխատավարձը հունիսին նվազել է, սոցցանցերում բուռն քննարկումներ էին գնում՝ փորձելով բացատրություն գտնել այս նվազմանը։ Իսկ այժմ, պարզվում է, աշխատավարձը ոչ թե նվազել է, այլ բարձրացել։
Ինչ հիմնավորում էլ նշվի, համաձայնեք, որ այնքան էլ ճիշտ չէ, երբ նույն կառույցը նույն երևույթի վերաբերյալ 10 օրվա կտրվածքով հակասական ցուցանիշներ է հրապարակում։