«Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ նպատակ էր հետապնդում ՀՔԾ պետի երեկվա հայտարարությունը». Նորայր Նորիկյան
Երեկ Հ1-ին տված հարցազրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը պետք է մերժի։
168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ այլ դիրքորոշում հնարավոր չէր ՀՔԾ պետից ակնկալել. «Որովհետև իրենք են մեղադրանքն առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, իրենց վարույթում է գտնվում քրեական գործը, և իրենք գտնում են, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը կանխատեսելի ու վերահսկելի պահելու համար անհրաժեշտ է, որ նա մնա անազատության մեջ։ Այս առումով ես բնական եմ համարում ՀՔԾ պետի դիրքորոշումը, որ իրենց կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Հիմա, թե դրանից Վերաքննիչ դատարանն ինչպիսի՞ եզրակացությունների կգա, կամ դա կարո՞ղ է դիտարկվել ճնշում Վերաքննիչ դատարանի վրա…
Չեմ կարծում, որ այսօրվա պայմաններում հնարավոր է Վերաքննիչ դատարանի վրա որևէ ճնշում գործադրել, բայց, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ նպատակ էր հետապնդում ՀՔԾ պետի երեկվա հայտարարությունն այդ մասով։ Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ այսօր որևէ ճնշում դատական համակարգի վրա չի կարող լինել, և ես ակնկալում եմ Վերաքննիչ դատարանի կողմից օբյեկտիվ դատական ակտի կայացում՝ ցանկացած գործով, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի որոշման դեպքում»։
Մեր ճշտող հարցին՝ արդյո՞ք ՀՔԾ պետի այդ հայտարարությունը գործընթացն ուղղորդել չէ, Ս. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ես կհիասթափվեմ այս քրեական գործից և ընդհանրապես այս իրավիճակից, եթե վերջում պարզվի, որ որևէ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերվել Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ։
Եկեք արձանագրենք, որ Մարտի 1-ի դեպքերով հարուցված այս քրեական գործի արդյունքում առաջադրվել են մեղադրանքներ այնպիսի անձանց նկատմամբ, ովքեր հերոսներ են։ Առնվազն, Ռոբերտ Քոչարյանն Արցախի հերոս է, ՀՀ երկրորդ նախագահն է եղել, լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրի պատմության զարգացման գործընթացում։ Հետագայում եթե պարզվի, որ այդ մեղադրանքները սին են կամ այդ մեղադրանքների հիմքում առկա են քաղաքական հետապնդումներ, ես անձամբ հիասթափություն կապրեմ։ Ես այս պահին նման բան չեմ տեսնում։
Չեմ գտնում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև վստահ եմ, որ այն մեղադրանքները, որ առկա են առերևույթ նրա մեղադրանքի հիմքում, հիմնավոր են»։