Ինչո՞ւ գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը. Վիկտոր Սողոմոնյան
ՀՔԾ պետի հրապարակային հայտարարությունը միջամտություն է արդարադատությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները:
Ըստ GP ընկերության ներկայացուցչի՝ օրենքով պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններին, որ վտանգում են տվյալ դատական պրոցեսը:
Պաշտպաններից Հայկ Ալումյանի կարծիքով՝ ՀՔԾ պետի գնահատականները չպետք է լինեն այդքան միանշանակ, պետք է նշեր՝ համարում ենք այսպես, այնպես, բայց չպետք է անի հայտարարություններ, որից աներկբա կհետևի, որ տվյալ անձը կատարել է տվյալ հանցագործությունը:
«Կան բազմաթիվ վիճելի և սխալ փաստարկներ»,- ասաց Հ.Ալումյանը՝ նշելով, որ դա վերաբերում է հատկապես անձենռմխելիությանը, 0038 հրամանին:
Պաշտպաններից Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այդ գնահատականները լսում է նաև դատավորը, որը եթե սխալ թույլ տա, հետո նրա գործը պետք է քննի ՀՔԾ-ն:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ իր կյանքում «տեսած ամենա ոչ համոզիչ հարցազրույցն էր»:
Խոսելով 0038 հրամանի գաղտանզերծման մասին՝ Վ.Սողոմոնյանը հայտարարեց. «Այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում, դրանից խնդիրը չի փոխվում»:
Ըստ նրա՝ ՀՔԾ-ն պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, պետք է կարողանա ապացուցել, թե այդ հրամանը եղել է՝ իմանալով, որ մարտի 1 է լինելու: Վ.Սողոմոնյանը հարցադրում հնչեցրեց՝ ինչ էլ գրված լինի հրամանում, արդյոք եղե՞լ է բախում զինվորների և ցուցարանների միջև:
Նրա բնորոշմամբ՝ դրանք անորոշ հայտարարություններ են. «Եթե «դժվար թե փորձաքննությունը չանցնի», բա ինչո՞ւ է խափանման միջոցը կալանքն ընտրված»:
Նա նաև հարցադրում արեց, թե ինչո՞ւ գործով մյուսները «նստած» չեն, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սողոմոնյանի համոզմամբ՝ ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, որևէ ապացույց չկա, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ նախագահը, օրինակ, մեղավոր է 10 զոհերի սպանության մեջ:
Վ.Սողոմոնյանը հայտարարեց, որ չկա որևէ փաստ, որի հրապարակայնացմանը դեմ է Քոչարյանը:
«Սա հերթական փորձ է՝ արդարացնելու քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Վ.Սողոմոնյանը: