
Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին, tert.am-ի հաղորդմամբ, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատու քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա:
«Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են այդ որոշումը ՍԴ-ում, ԿԸՀ-ի որոշման օրինականությունն է բողոքվել, ճնշում է եղել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, նա այդ մասին բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր եղբոր միջոցով ճնշումներ են գործադրվում»,-ասել է Սասուն Խաչատրյանը:
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդված 3-րդ մասով՝ ծանր հանցանք:
Հոդվածով, ըստ նրա, մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում, խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին է: