«Ռուսաստանը երբեք չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների այնպիսի զարգացման, որ կտրվեն հարաբերություններ». Արման Նավասարդյան

«Այն, ինչ կատարվում է, տեղի է ունենում օրինականության ու տրամաբանական զարգացման շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի քննության ընթացքի մասին։

Ա. Նավասարդյանը գտնում է՝ ամեն ինչ տեղի է ունենում օրինականության ու միջազգային իրավունքի սահմաններում. «Ինչի մեջ մեղադրում են Քոչարյանին, լրիվ համապատասխանում է այն գործողություններին, որ տեղի են ունեցել 2008 թվականին։ Խոսքը վերաբերվում է Սահմանադրության կոպիտ խախտմանը, ռազմական ուժի ապօրինի օգտագործմանը, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Եթե հիշում եք Քոչարյանի մամուլի ասուլիսը, նա անընդհատ նշում էր, որ միջոցների է դիմել, որ անկարգությունները և պետության նկատմամբ ցուցարարների ոտնձգությունները կասեցվեն։ Ես ներկա եմ եղել այդ ցույցերին, ու այդ օրը, երբ հաշվեհարդար տեսան ցուցարարների հետ, ես այդ օրը 11-ին եմ գնացել տուն, կարող եմ ասել, որ ոչ մի նախապատրաստական աշխատանք չկար։ Իզուր է այդպիսի բաներ ասում Ռոբերտ Քոչարյանը»։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:

Ա. Նավասարդյանը կարծում է՝ պետք չէր նման հայտարարություն անել։ Նա նշեց, որ իմանալով ռուսական դիվանգիտության ամբողջ էությունը և նրանց հնարավորությունները՝ գալիս է այն եզրակացության, որ նրանց թյուրիմացության մեջ են գցել՝ Հայաստանը Ռուսաստանի  հետ առճակատման տանելու համար։ Ըստ բանախոսի՝ և՛ Հայաստանում ՌԴ դեսպանատունը կարող էր դա անել, և՛ հայկական կողմից մարդիկ, որոնք հեղափոխության առաջին օրվանից փորձում են Հայաստանը Ռուսաստանի հետ առճակատման տանել։

«Սա տեղի է ունենում, որովհետև 30 տարվա ընթացքում Հայաստանի և ՌԴ-ի հարաբերությունները եղել են ասիմետրիկ։  Հիմա հիմնական շեշտը դրվում է Խաչատուրովի ձերբակալության վրա, իսկ այստեղ որևէ խախտում չկա, եթե նայենք այս կազմակերպության կանոնադրությունը»,- նկատեց Ա. Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված էր հրապարակել, որում նշում էր, թե պաշտոնական Մոսկվան վրդովված է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և հատկապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրման կապակցությամբ, ու հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին:

Ա. Նավասարդյանը, խոսելով սպառազինության խաթարման և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավորության մասին, նշեց, որ սպառազինությունը կարող է խաթարվել, բայց Ռուսաստանը երբեք չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների այնպիսի զարգացման, որ կտրվեն հարաբերություններ, կամ լինեն այնպիսի հարաբհերություններ, ինչպիսիք Ուկրաինայի կամ Վրաստանի հետ են. «Այստեղ փոխադարձ շահեր գոյություն ունեն։ Կորցրե՞ց Ռուսաստանը Հայաստանին, կկորցնի Հարավային Կովկասը, ինչին ՌԴ-ն այսօր չի գնա՝ մանավանդ իր աշխարհաքաղաքական  իրավիճակում»։

Տեսանյութեր

Լրահոս