
«Մենք ինքնիշխան պետություն ենք, քո ի՞նչ գործն է՝ ում կնշանակենք ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ, ում՝ չենք նշանակի». Լևոն Շիրինյան

«Վստահ եմ, որ հեղափոխությունը պետք է իջնի նաև ներքև ու մաքրի ավգյան ախոռները, մաքուր հարթակի վրա պետք է ստեղծվի 4-րդ հանրապետությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակի ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:
«Ռուսաստանը Լավրովի բերանով պաշտպանում է Հայաստանի կոռուպցիոն վիրուսակիրներին։ Սա ՌԴ-ի գործն է, մեր գործը մեր հեղափոխությունը պաշտպանելն է։ Մենք ինքնիշխան պետություն ենք, քո ի՞նչ գործն է՝ ում կնշանակենք ՀԱՊԿ-ի ներկայացուցիչ, ում՝ չենք նշանակի։ ՌԴ-ն պարտավոր է մեզ հետ մեծ եղբոր տեսակետով չվարվի, որովհետև դուք գիտեք, որ իրենք խոշոր են, մենք մեծ ենք, ուրեմն՝ խոշոր եղբայրը չպետք է հավակնություն ունենա մեծ եղբոր նկատմամբ։ Դրա համար պետք է ունենալ նորմալ, միջպետական հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն։
Հայաստանը գնում է դեպի իր ապագան։ Ես այսօր ասում եմ՝ եթե օգոստոսի 17-ին նշանակված է հանրահավաքի օրը, ես առաջարկում եմ համազգային մոբիլիզացիա անել։ Ամսի 17-ին պետք է հայտարարվի ընտրությունների նշանակման օրը։ Ինչքան ձգվելու է, այնքան Հայաստանի միջազգային իրադրությունը վատանալու է։ Գոնե հոկտեմբերին ընտրությունները պետք է կայանան»,- հայտարարեց Լ. Շիրինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։