«Ես չեմ կարծում, որ արժե՝ Ռուսաստանը Քոչարյանի կամ Խաչատուրովի համար ընդդիմանա հայ ժողովրդին». Ստեփան Գրիգորյան

«Ռուսաստանի իշխանությունները ոչ այնքան պարզ իրավիճակում են հիմա, որովհետև Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնք տրամադրված են Ռուսաստանի նկատմամբ շատ լավ, բայց նրանք այնքան էլ հասկանալի չեն Ռուսաստանի համար»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:  «Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ ՌԴ իշխանությունները վերջին 20 տարվա ընթացքում սովոր են եղել նրան, որ Հայաստանում իշխանության են եղել այնպիսի ուժեր, որոնք «քծնում» էին ռուսների առաջ. «Այսինքն՝ մարդիկ, որոնք պատրաստ էին տալ ամեն ինչ, որպեսզի պահեն իրենց իշխանությունը՝ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը։ Ռուսաստանը մեղավոր չէ, նա սովոր է, որ այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար»։

Նա գտնում է՝ Հայաստանը պետք է նման հարցերը նախօրոք քննարկի Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը պետք է հասկանա, որ նոր սերունդ է եկել, որը հարցերը պարտադիր ձևով սեղանի շուրջ չի որոշում, այլ օգտագործում է իր սուվերենության իրավունքը. «Ինչու է կարևոր, որ մենք իրար հասկանանք, որովհետև ես չեմ կարծում, որ արժե՝ Ռուսաստանը Քոչարյանի կամ Խաչատուրովի համար ընդդիմանա հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը շատ կրիտիկական է տրամադրված նրանց նկատմամբ։ Եկել են իշխանություններ, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ, բայց չեն քծնելու»։

Անդրադառնալով Ս. Լավրովի հայտարարությանը՝ Ս. Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ դա ավելի շատ մտահոգություն էր, քան՝ նկատողություն. «Ես աշխատել եմ Ռուսաստանի հետ, գիտեմ իրենց էլիտային, իրենց համար շատ կարևոր է, երբ նստում ես սեղանի շուրջ և քննարկում ես ինչ-որ հարց։ Ինչի՞ են իրենք նման ձևով արձագանքում տեղի ունեցածին, մտածում են՝ Խաչատուրովին հանեն, ո՞ւմ են բերելու նրա փոխարեն, որովհետև Խաչատուրովին իրենք ընկալում են որպես իրենցը, Խաչատուրովը պաշտպանել է ոչ այնքան Հայաստանի շահերը, որքան՝ Ռուսաստանի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս