«Եթե դու 10 անգամ ասացիր այդ նախադասությունը, բայց դրանից հետո Ռուսաստանն էլի խառնվեց, ինչո՞ւ ես 11-րդ անգամ նույնն ասում». Արմեն Բադալյան

«Այս կառավարության ամենաթույլ կողմն այն է, որ այն այդպես էլ չունի Հայաստանի զարգացման վերաբերյալ պատկերացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով կառավարության 100-օրյա գործունեությունը՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը չունի հեռանկարային զարգացման ծրագիր. «Կառավարությունը, իշխող քաղաքական ուժն ընդամենն օրվա տակտիկական հարցերը լուծելով է զբաղված։ Նա ոչ միայն՝ հեռանկարային զարգացման կոնցեպցիա, այլև՝ քննարկումներ չկան դրա շուրջ»։

Ա. Բադալյանի գնահատմամբ՝ կառավարության վարած արտաքին քաղաքականությունը, մեղմ ասած, անհաջող է. «Ինչ իշխանության գլուխ եկավ վարչապետն իր թիմակիցներով, բազմաթիվ անգամներ կրկնեցին՝ «մենք չենք փոխում մեր արտաքին քաղաքականության վեկտորը»։ Լավ, հասկացանք, մի անգամ ասաց, ի՞նչ կարիք կա՝ ամեն տեղ, որտեղ գնում են, նույն թեզը կրկնեն։ Մի՞թե վարչապետին ու իր թիմակիցներին թվում է, որ, եթե իրենք անընդհատ ասեն, որ մենք Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցներն ենք, ապա Ռուսաստանը կբավարարվի դրանով, կասի՝ «ուրեմն այդպես է, եկեք՝ ճնշում չգործադրենք»։

Բայց մենք տեսանք, չէ՞, որ ճնշում եղավ։ ՌԴ արտգործնախարարը տեսակետ հայտնեց Հայաստանի ներքաղաքական և դատաիրավական գործընթացների վերաբերյալ։ Դա նշանակում է, որ իշխանությունների կողմից այդ թեզերը, որ բազմաթիվ անգամ կրկնվել են, չաշխատեցին, ՌԴ-ն դա հաշվի չառավ, խառնվեց Հայաստանի ներքին գործերին։ Դրանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը ելույթ է ունենում և նորից կրկնում է, որ դատական գործընթացները չպետք է կապել արտաքին բնագավառի հետ, որովհետև արտաքին բնագավառում մենք պահպանում ենք մեր հին գիծը, այսինքն՝ մենք հավատարիմ ենք Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ եթե դու 10 անգամ ասացիր այդ նախադասությունը, բայց դրանից հետո Ռուսաստանն էլի խառնվեց, ինչո՞ւ ես 11-րդ անգամ նույնն ասում»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով վարչապետի որդեգրած կադրային քաղաքականությանը՝ քաղտեխնոլոգը նշեց, որ գործող իշխանություններն այս հարցում առաջնորդվում են մի սկզբունքով. «Ով իրենց հետ փողոցում քայլել է, պաշտոն է ստանում, ով չի քայլել, պաշտոն չի ստանում, բայց դա ճիշտ չէ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս