Բաժիններ՝

Apple-ը հասույթի 17 տոկոս աճ է արձանագրել՝ գերազանցելով մասնագետների սպասումները

Apple ընկերությունը գերազանցել է մասնագետների սպասումները՝ ստանալով 53,26 մլրդ դոլարի չափով հասույթ: Դա 17 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում եւ երրորդ եռամսյակի լավագույն ցուցանիշն է բոլոր տարիների ընթացքում:

Այդ մասին վկայում է Apple-ի եռամսյակային հաշվետվությունը, որը հրապարակվել է հուլիսի 31-ին: Հաշվետվության համաձայն, եռամսյակի ընթացքում զուտ շահույթն աճել է 32 տոկոսով՝ մինչեւ 11,52 մլրդ դոլար: Դա ավելի բարձր է, քան մեկ բաժնետոմսի դիմաց 2,17 դոլարը, որը կանխատեսում էին տասը վերլուծաբաններ, որոնց ավելի վաղ հարցում էր արել Zacks Investment Research հետազոտական ֆիրման:

Apple-ն ակնկալում է, որ այս տարվա չորրորդ եռամսյակում իր եկամուտները կկազմեն 60-62 մլրդ դոլար: Անցած եռամսյակի ընթացքում ընկերությունը վաճառել է 41,3 մլն iPhone սմարթֆոններ, 11,58 մլն iPad պլանշետային համակարգիչներ եւ 3,7 մլն MacBook նոութբուքեր: Apple-ի շարքում առավել շահութաբեր արտադրանքը դարձել են սմարթֆոնները, որոնք վաճառված ապարատների թվական ոչ մեծ աճի (1 տոկոս) դեպքում ընկերությանը 29,91 մլրդ դոլարի եկամուտ են բերել, ինչը 14 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա երրորդ եռամսյակում: Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Apple-ի սմարթֆոնների միջին արժեքը մանրածախ վաճառքում անցած տարվա ընթացքում աճել է 20 տոկոսով՝ 606 դոլարից մինչեւ 724 դոլար:

Դա նշանակում է, որ սպառողների մեծ մասը ձեռք է բերում iPhone X առաջատար սմարթֆոնը, որի բազային մոդելի մեկնարկային արժեքը 999 դոլար է: Երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 61,14 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 13,82 մլրդ դոլար: Երեք ամսվա ընթացքում, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 31-ին, վաճառվել է մոտավորապես 52,28 մլն iPhone, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս