ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իրավական գործընթաց է սկսելու Զոյա Թադեւոսյանի դեմ

Երեկ՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը նշել է, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, եւ դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն այդ կապակցությամբ նիստ է գումարել, որի ավարտին ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ին տեղեկացրել է ԿԿ որոշման մասին:

«Տիկին Թադեւոսյանի հնչեցրած տեսակետի առիթով բազմաթիվ կոշտ արձագանքներ են եղել թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում:

Անցած տասնամյակների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նման հայտարարությունների: Սակայն այդ տեսակետները երբեմն դիտարկվում էր որպես զգացական: Պետք է խոստովանենք, որ անցյալում այս կարգի տեսակետներ ներկայացնող քաղաքական գործիչների կամ անձերի նկատմամբ քրեական գործընթաց եւ համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել: Գուցե դա մեր թերությունն է եղել: Ստեղծված է նոր իրավիճակ. օրենքների գերակայության սկզբունքը նկատի ունենալով՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկելու իրավական գործընթաց սկսելու համար:

Տիկին Թադեւոսյանի հնչեցրած տեսակետը ԱՀ Սահմանադրությանը դեմ գնալու կոչ է: Այդ կոչով վտանգվում է Արցախի տարածքային ամբողջականությունը եւ Արցախի ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը:

Մեզ չի բավարարում քաղաքական ուժերի եւ անհատների քաղաքական գնահատականները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն որոշել է հարցը տեղափոխել իրավական եւ քաղաքական դաշտ: Պաշտոնական գրությամբ դիմելու ենք Արցախի Հանրապետության նախագահին՝ որպես ԱՀ Սահմանադրության երաշխավոր, եւ ԱՀ դատախազությունից պահանջելու ենք համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Տեսանյութեր

Լրահոս