«Մեր լավագույն տղաները մահացել են, որ այս անհատը գա և այսպիսի շիզոֆրենիկ հայտարարություններ անի՞». Դավիթ Բաբայանը` Զոյա Թադևոսյանին խորհուրդ է տալիս տեղափոխվել Բաքու
«Շատ տհաճ հայտարարություն է և շատ վատ է ընդունվել, և ընդհանրապես նույնիսկ զարմանում ես։ Այդ կինը հայերեն է խոսում, բայց դա չի նշանակում, որ նա հայերեն է մտածում, կամ իր սիրտն ու ոգին հայկական է։ Սա շատ լուրջ խնդիր է, այսինքն՝ ի՞նչ է կատարվում, սա ի՞նչ հայտարարություն է, ո՞վ է այդ կինը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությանը, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։
Հիշեցնենք, որ Զ. Թադևոսյանը երեկ հայտարարել է, թե Արցախյան պատերազմում ազատագրված տարածքներն Արցախի տարածքները չեն. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք, և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»,- ասել է նա։
Դ.Բաբայանը խորհուրդ տվեց ուսումնասիրել նորագույն պատմությունը։ Ըստ նրա՝ երբ արցախյան շարժման վերջին փուլը սկսվել է, որևէ մեկը սահմանների հարց չի դրել, Արցախը պարզապես ցանկանում է վերամիավորվել Մայր Հայաստանի հետ և վերականգնել արդարությունը.
«Սահմանների հարց չի եղել, նպատակ չի եղել որևէ սահման փոխել։ Դա փաստ է։ Բայց պատմությունն ու իրականությունը ցույց են տվել, որ Արցախը՝ որպես ինքնուրույն, անկախ երկիր, չի կարող գոյատևել նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, որովհետև հակառակորդն անմիջապես հարձակվել է և փորձել ոչնչացնել մեզ։ Մեր կողմից մեր իսկ պատմական հայրենիքի ազատագրումը եղել է պարտադրված որոշում»։
Ըստ նրա՝ արդեն իրավիճակն այլ է, և ԼՂԻՄ-ը՝ որպես անկախ կազմավորում, ոչ թե՝ որևէ պետության մեջ ինքնավարություն, այլևս ընդունելի չէ և չի կարող գոյատևել։ «Մենք արյուն ենք թափել, մեր լավագույն տղաները մահացել են, որ այս անհատը գա և այսպիսի շիզոֆրենիկ հայտարարություններ անի՞։ Ո՞վ է նա։ Սա սարսափելի բան է, լավագույն դեպքում՝ այդ կինը հոգեկան խանգարում ունի, գլուխը լավ չի աշխատում, պետք է գնա բժշկի։ Ի՞նչ է նշանակում՝ դրանք Արցախի կամ հայկական պատմական տարածքներ չեն։ Ո՞վ է այդ կինը, ի՞նքը պետք է ասի՝ մեր տարածքը որն է կամ որը չի։ Կամ ի՞նքը պետք է ասի՝ այդ արյունը, որ թափվել է, զուր է, ջուր է, շպրտեք, գնացեք։ Շատ վատ հայտարարություն է։
Լավ է, որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ դա նրա սեփական դիրքորոշումն է,- ասաց Դ.Բաբայանն ու շարունակեց,- Ես զարմանում եմ, որ այդ բղավողները, որ բղավում են հայրենասիրության մասին, հիմա լռում են։ Ի՞նչ է, մենք դե՞մ ենք, որ Արդբեջանի հետ մեր հարցերը կարգավորենք, և խաղաղություն լինի։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ դեմ ենք, չարաչար սխավում է, բայց ձև կա։ Այս ցնորամիտ գաղափարները նշանակում են՝ Արցախի կոտորած, իսկ եթե Արցախի պետականությունը վերանա, դա Մայր Հայաստանի կործանում է։ Ի՞նչ է, ուզում է Մայր Հայաստանը կործանի՞ այս տիկինը։
Եթե ուզում է կործանի, թող գնա Բաքու ապրի։ Նրանք շատ մեծ ուրախությամբ նրան կտանեն, Սաֆարովի հետ թող մի շենքում բնակարան տան, այնտեղ էլ բնակվի։ Այս ի՞նչ հայտարարություն է անում»։
Հիշեցնենք նաև, որ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել է, որ Զոյա Թադևոսյանն արտահայտել է իր անձնական կարծիքը, որը Կոնգրեսի դիրքորոշումը չէ: