«Յուրի Խաչատուրովից հետո ՀՀ-ին այդքան հեշտ չի լինի նոր ներկայացուցիչ նշանակել». Աղասի Ենոքյան
«ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, միջպետական կառույց է, և այնտեղ նման կտրուկ փոփոխություններ անելու ժամանակ նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կարծիքը պետք է հաշվի առնել։ Եվ այս առումով, ես ենթադրում եմ, որ նրանք կունենան բացասական վերաբերմունք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից սկսված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացին։
Նա հիշեցրեց, որ Խաչատուրովը բավականին խնդիրներով դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Հայաստանը դժվարությամբ կարողացավ հայաստանցի ներկայացուցիչ նշանակել այդ պաշտոնում.
«Եվ ես չեմ կարծում, որ Խաչատուրովից հետո այդքան հեշտ կլինի Հայաստանին մի նոր ներկայացուցիչ այնտեղ նշանակել։ Չպետք է բացառել, որ մեր գործընկերները պարզապես այլևս չեն ուզենա այնտեղ տեսնել հայաստանյան ներկայացուցչի, ինչը մեզ համար այդքան էլ ցանկալի չէ»։
Դիտարկմանը, որ անգամ Սերժ Սարգսյանն էր դժգոհում ՀԱՊԿ-ի անգործությունից, այժմ ի՞նչ հետևանք կարող է լինել ՀԱՊԿ-ի գործընկերների բացասական վերաբերմունքից, Ա.Ենոքյանը պատասխանեց, որ այո՛, ըստ էության ՀԱՊԿ-ն անգործունյա կառույց է, չի միջամտել Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումներին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ում պահում են մի շարք անվտանգության նկատառումներ, որոնց մասին խոսել է թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, վերջինս նաև միշտ հայտարարել է, որ ՀՀ-ն չի շեղվել ՀԱՊԿ-ին անդամակցության իր ուղուց.
«Այս իրավիճակում փորձել ՀԱՊԿ-ի հետ նման բավականին կոշտ դիվանագիտական խաղ խաղալ՝ ինչքանով ձեռնտու կլինի Հայաստանին»։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ում հայ ներկայացուցչի առկայության պայմաններում մենք կարող էինք այդ կառույցի կողմից շատ կոշտ գործողություններից ինչ-որ չափով մեզ երաշխավորված պահել. «Շատ մեծ կարծիքի չլինելով նախկին գլխավոր քարտուղարի մասին, համենայն դեպս, ՀՀ ներկայացուցչի ներկայությունն այնտեղ ինչ-որ կոշտ գործողություններից ետ պահելու փոքր երաշխիքներ էր ստեղծում»։
Հիշեցնենք, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ «Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»,- ասել է նա։
Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին նա տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ հուլիսի 28-ին որպես այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ է կիրառել։
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարարի տեղակալն էր և Երևանի կայազորի պետը։