«Գուցե հենց Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով՝ մեկընդմիշտ այդ էջը պետք է բացվի ու փակվի». ՀՀԿ ներկայացուցիչ
«ՀՀ-ի իմիջի համար բացասական է, երբ երկրորդ նախագահի և այլ ճանաչված մարդկանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական գործիչ Լեռնիկ Ալեքսանյանը։
Նա նկատեց, որ Մարտի 1-ի հարցը տարիներ շարունակ կախված է մնացել. «Գուցե հենց Ռոբերտ Քոչարյանի շահերից ելնելով՝ մեկընդմիշտ այդ էջը պետք է բացվի ու փակվի։ Ես կոնկրետ դեմ եմ քաղաքական հետապնդումներին, բայց եթե կան մութ տեղեր, պետք է բացահայտվի, ու էջը փակվի։ Այստեղ հասարակական պահանջի, կարծիքի խնդիր կա, որը շատ ավելի քաղաքական է։ Այսօր հասարակությունն իրոք մեծամասամբ Մարտի 1-ը կապում է Ռոբերտ Քոչարյանի անձի հետ։
Ես համոզված եմ, որ ոչ մի երկրի ղեկավար չի ուզի, որ իշխանության գա կամ հեռանա՝ մարդ սպանելով։ Այն, որ Մարտի 1-ի մեջ կան շատ մութ կետեր, որ կարող են լինել փաստեր, որոնց բացահայտումը նոր լույս կսփռի, ես հավատում եմ դրան։ Ե՛վ հասարակության հետաքրքրությունը բավարարելու համար, և՛ հենց Ռոբերտ Քոչարյանի մասին կարծիքը փոխելու համար, գուցե նույնիսկ անհրաժեշտ է, որ բացվի»։
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծիք հայտնեց, որ ահռելի հնարավորությունների տեր մարդը կարող է այնպես հեռանալ, որ ոչ ոք նրան չկարողանար գտնել, ինչի համար էլ այդ խափանման միջոցն են ընտրել.
«Ժողովուրդն արդարության է տենչում, այս իշխանություններին բերել է իշխանության հենց այս կարգի բաների համար, ու հիմա ժողովրդի համար այս ամենը շատ արդար է։ Իրավունքի տեսակետից՝ հզոր իրավաբանական գործընթացներ պետք է գնան, և հիմնավորվի։ Բուն իշխանությունների իմիջի տեսակետից՝ սա բարձրացնում է իրենց իմիջը, որ իրենք արդար պայքարում են նույնիսկ առաջին դեմքերի դեմ»։
Ս. Խուդոյանը գտնում է՝ Արևմուտքը տեղի ունեցածը դրական կգնահատի. «Բոլոր դեմոկրատական ուժերը նույնպես դրական կգնահատեն։ Որ լսում ես անգամ ռուսների կարծիքները, ասում են՝ մենք մի քանի հազար լուսնային տարով ենք հեռու Հայաստանից այդ առումով։ Նման իմիջ ու հեղինակություն, որ ունի Նիկոլ Փաշինյանը դրսում, դա երկրի իմիջը բարձրացնում է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։