«Մենք միայն տեսնում ենք քաղաքական հրաձգություն, և ոչ՝ իրավական հստակ պատասխան». Նարինե Դիլբարյանը՝ Մարտի 1-ի գործի մասին
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները բոլորովին նոր չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ փաստ է, որ 2008 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել հանցագործություն, սահմանադրական կարգի խախտում, որի արդյունքում զոհվել է 10 մարդ. «Մենք միայն տեսնում ենք քաղաքական հրաձգություն, և ոչ՝ իրավական հստակ պատասխան: Իրավական հստակ երևույթն այն էր, որ կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանը։ Կարծում եմ՝ դրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա, բոլորն էլ պատասխանատու են օրենքի առաջ, ու անկեղծ նրան մաղթում եմ արդարադատություն։ Քաղաքական ուժերը փորձում են ամեն ինչ քաղաքականացնել, բայց հասարակությունը չպետք է դրան ենթարկվի։ Եկեք ընդունենք, որ քաղաքականացնելու այդ մարտավարությունն ընտրեց հենց Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարեց, որ ինքը քաղհալածյալ է, ու սա փորձ է նրան հետ պահելու քաղաքականություն վերադառնալուց, որն այնքան էլ համոզիչ չէր»։
Ն. Դիլբարյանը գտնում է՝ եթե բոլոր հարցերը հանգուցալուծվեն, գուցե Ռոբերտ Քոչարյանի համար ավելի հարմար լինի։ «Իրոք, մեղավորը միայն Ռոբերտ Քոչարյանը չէ, պարզապես նա խորհրդանշում է այդ ամենը, որովհետև նա ի պաշտոնե այդ ժամանակ հանդիսանում էր ՀՀ նախագահը»,- նկատեց լեզվաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։