Հայաստանը կարող է հույս դնել Իտալիայի աջակցության, բարեկամության վրա. Նախագահ Մատարելան ներկայացրել է համագործակցության ուղղությունները

Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամություն: Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան Երևանում հրավիրված ճեպազրույցում նաև նշեց, որ իր այցելությունը կարևոր է և նշանակալի:

«Երախտապարտ եմ ինձ և ինձ ուղեկցող պատվիրակությանը շատ ջերմ ընդունելության արժանացնելու համար: Ուրախ եմ, որ իրականացնում եմ այս այցը, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նշվում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանի 2800-ամյակը: Մեր ժողովուդները հնագույն կապեր ունեն, միմյանց հետ կապված են վստահությամբ: Իմ այս այցելությունը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, բարեկամությունը խորացնելու համար»,- ընդգծեց Սերջիո Մատարելան:

Նա նշեց, որ ղարաբաղյան հարցում Իտալիան անպայման կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցություններ և կփորձենք միայն քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման ճանապարհներ գտնել, որոնք կլինեն երկարատև, միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»,- հավելեց նա:

Իտալիան շատ բարձր գնահատական է տվել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որը մեծ հնարավորություն է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: «Ես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել եմ այս համաձայնագրի վավերացման մասին, ինչը պետք է շատ արագ տեղի ունենա»,- ավելացրեց Սերջիո Մատարելան:

Իտալիայի նախագահը նշեց, որ Հայաստանն ու Իտալիան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով, մասնավորապես, Լիաբանանում Հայաստանի և Իտալիայի զինվորները միմյանց հետ են աշխատում: Ակտիվ աշխատանք կա առևտրի, տնտեսության, մշակութային, գիտական ոլորտներում, սակայն, ըստ Իտալիայի նախագահի, դրանք էլ ավելի զարգացնելու ներուժ կա: Իտալիան պատրաստվում է Հայաստան բերել «նոու հաու»-ներ:

«Ուրախությամբ նշեմ, որ վաղը տեղի է ունենալու հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: Դա կնպաստի մշակութային հարաբերությունների ամրապնդմանը, կլինի Հայաստանին աջակցություն պատմական ժառանգությունը պահպանելու գործում»,- ասաց նախագահը:

Սերջիո Մատարելան ընդգծեց, որ օրակարգում գիտության ոլորտում համագործակցության հարցն է: Նա և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցում առանձնացրել են աստղաֆիզիկայի ոլորտը: Քննարկվել են տաբեր համալսարանների գիտահետազոտական աշխատողների փորձի փոխանակման հնարավորությունները:

«Հայաստանն ու Իտալիան ունեն հնարավորություն համագործակցությունը զարգացնելու այլ ոլորտներում, և Հայաստանը կարող է հույս դնել Իտալիայի աջակցության, բարեկամության վրա»,- հավելեց Սերջիո Մատարելան:

Հուլիսի 30-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:

Տեսանյութեր

Լրահոս