Տեղական իշխանություններն ունեն ՏԻՄ-երի ինքնուրույնությունը ապահովելու մեծ անելիքներ․ նախարար Պապիկյան
Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանի ուղեկցությամբ հուլիսի 28-ին և 29-ին այցելել է Սյունիքի մարզի մի շարք խոշորացված համայնքներ, հանդիպումներ ունեցել համայքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Քաջարան համայնքում անցկացրած խորհրդակցության ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզային այցելության նպատակն է տեղում ծանոթանալ խոշորացման ծրագրի արդյունքում գրանցված ձեռքբերումներին և բացթողումներին, բաց ու անկեղծ քննարկումների միջոցով որոնել առկա խնդիրների հաղթահարման ուղիները, ինչպես նաև անմիջականորեն հետևել վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։ Քաջարան համայնքի ղեկավարը նախարարին զեկուցել է ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, մանկապարտեզի և մարզահրապարակի կառուցման ծրագրերի մեկնարկի մասին և ներկայացրել համայնքում ընդգրկված բնակավայրերի կարիքները։ Նախարարը հորդորել է գալիք տարվա ծրագրերով Քաջարան համայնքի բյուջետային միջոցներն ուղղել առավելապես խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող խմելու, ոռոգման ջրի, կոյուղու հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ նախարար Սուրեն Պապիկյանի՝ կենտրոնի և բնակավայրերի համաչափ զարգացման դեպքում միայն հնարավոր կլինի հաղթահարել մարդկանց օտարվածությունը և խոշորացման գործընթացում ակնկալել դրական արդյունքներ։
Այնուհետև նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մեղրի խոշորացված համայնք, որտեղ համայնքապետի, ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների հետ քննարկել է համայնքային նշանակության հարցեր, լսել համայնքային իշխանության պատասխանատուների տեսակետները բազմաբնակավայր համայնքի հետագա զարգացման, կենտրոնացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Մեղրի համայնքի ղեկավարը նախարարին է ներկայացրել համայնքի խոշորացումից հետո կատարած աշխատանքները, արձանագրած ձեռքբերումները, նպատակային բյուջետային ծախսերն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները: Նախարարը կարևորել է համայնքային սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման անհրաժեշտությունը և կրկին կոչ արել ակտիվորեն օգտվել սուբվենցիոն ծրագրերի միջոցով համայնքային ենթակառուցվածքները զարգացնելուն ուղղված կառավարության ընձեռած հնարավորությունից։ Հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաձայնել է նաև համայնքի խնդիրների վերաբերյալ բնակիչների կողմից իրեն հասցեագրված մտահոգությունները, լսել դրանք լուծում տալու ուղղությամբ ներկայացվող առաջարկները։
Աշխատանքային օրվա ընթացքում նախարարը ծանոթացել է Վարդանիձոր գյուղի արդեն ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի շենքային պայմաններին։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Շվանիձոր և Ալվանք բնակավայրեր, հանդիպել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները, ծանոթացել Շվանիձոր գյուղի հարակից տարածքում գտնվող 16-րդ դարին պատկանող քահրիզների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին, որոնք միտված են լուծել բնակավայրի խմելու ու ոռոգման ջրի կենսական խնդիրը։
Աշխատանքային այցի վերջին օրը նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը Սիսիանի համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել Սիսիան, Տեղ, Տաթև և Գորայք համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Համայնքային պաշտոնյաները նախարարին են ներկայացրել համայնքային տնտեսությունների կարիքները, գյուղատնտեսական տեխնիկայի սակավության պատճառով բերքահավաքի կազմակերպման ընթացքում հանդիպող բարդությունները, բերքի իրացման ոլորտում առկա դժվարությունները, ինչպես նաև ոռոգման ջրի հասանելիության խնդիրները։ Անդրադառնալով համայնքային նշանակության խնդիրներին՝ նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ոլորտում առկա են տասնամյակներով կուտակված խնդիրներ, այդուհանդերձ մեղավորներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է ելակետ համարել դրանց լուծմանն ուղղված վճռական ջանքերի գործադրումը։ «Ես համամիտ եմ, որ գործադիր իշխանությունն իր էական դերակատարումը պետք է ունենա տեղական ինքնակառավարման համակարգի կայացման և համայնքների համաչափ զարգացման գործում, բայց և այնպես ՏԻՄ-երի ինքնուրույնությունը ապահովելու և համայնքային ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար մեծ անելիքներ ունեն հենց տեղական իշխանությունները»,-ասել է Սուրեն Պապիկյանը: